ՄԱԿ ԱԽ-ը հավանություն տվեց Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցներին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) երեկ կողմ է քվեարկել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նախագծին։ Պատճառը Փհենյանի կողմից վեցերորդ և մինչ այժմ ամենաուժեղ միջուկային փորձարկումն է։

Արգելանք է դրվել Հյուսիսային Կորեայից տեքստիլի արտահանման, ինչպես նաև չմշակված նավթի ներկրման վրա։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլիի տվյալներով՝ նոր պատժամիջոցները Փհենյանին մոտ 800 միլիոն դոլարի վնաս կպատճառեն, քանի որ հիմնականում Չինաստան առաքվող տեքստիլը Հյուսիսային Կորեայից արտահանվող հիմնական երկրորդ ապրանքատեսակն է։