Օպերային թատրոնը նոր թատերաշրջանում բազմաթիվ անակնկալներ կմատուցի երաժշտասերներին

Օպերայի շենքը Երևանում, արխիվ

Անցած շաբաթ իրենց նոր թատերաշրջանները սկսեցին Հայաստանի թատրոններից մի քանիսը, որոնց արդեն այս շաբաթ կմիանան նաև մնացյալ թատրոնները:

«Անուշ» օպերայի բեմադրությամբ իր հոբելյանական՝ 85-րդ թատերաշրջանը բացեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ այս թատերաշրջանն իրոք բազմաթիվ անակնկալներ կմատուցի օպերային և բալետային արվեստի սիրահարներին, նաև տեղի կունենան մեր լավագույն արտիստներին նվիրված հոբելյանական հանդիսություններ, նորանոր պրեմիերաներ, համերգներ և փառատոներ:

Իսկ ընդամենը մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 14-ին էլ Օպերային թատրոնում «Ահեղ դատաստան» խորագրի ներքո կներկայացվի մի բացառակ մեգաշոու՝ Ջուզեպե Վերդիի հանրահայտ «Ռեքվիեմ»-ը՝ իտալացի անվանի ռեժիսոր Պաոլո Միչիկեի բեմադրությամբ: Բեմադրությունը կուղեկցվի աշխարհահռչակ Միքելանջելոյի Սիքստինյան մատուռի որմնանկարների եռաչափ տեսապատկերով: Բեմադրությանը մասնակցում են ոչ միայն Օպերային թատրոնի նվագախումբը, երգչախումբը, այլ նաև հանրահայտ մեներգիչներ Հայաստանից և արտերկրից:

Ինչպես նշում է Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանում առաջին անգամ նման կերպով ներկայացվող Վերդիի «Ռեքվիեմ»-ը արդեն իսկ բազմիցս ներկայացվել է միջազգային մի շարք բեմահարթակներում և բարձր գնահատականի է արժանացել:

«Ազատության» հարցին, թե ի՞նչ միջոցներով կամ ի՞նչ կերպ են հնարավորություն ստեղծել նման հագեցած թատերաշրջան ունենալու համար, Օրբելյանը պատասխանեց՝ գլխավորը ցանկություն ունենալն է:

«Գլխավորը ցանկություն ունենալն է: Հույս ունեմ՝ բոլորը կտեսնեն, որ ցանկություններն ու երազանքները իրականություն են դառնում, եթե բավականաչափ ուժ, եռանդ և էներգիա ես ծախսում: Մեր ողջ թատերաշրջանը ոչ միայն հագեցած է լինելու, այլ նաև՝ շատ հետաքրքիր, և մենք իրոք ջանք ու եռանդ չենք խնայելու մեր երաժշտասերներին հրաշալի օպերային և բալետային ներկայացումներ ու նաև մենակատարների համերգներ մատուցելով», - հավաստիացրեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: