Վիգեն Սարգսյանը Չինաստանում հանդիպել է Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ

Չինաստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 6-ին հյուրընկալվել է Չինաստանի Շանսի նահանգում։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության, շուրջ 35 միլիոն բնակչություն ունեցող նահանգի վարչական կենտրոն Սիանում կայացել է Վիգեն Սարգսյանի հանդիպումը Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի Շանսիի ռազմական շրջանի ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում Վիգեն Սարգսյանը ներկայացրել է կայացած հայ-չինական բանակցությունների մանրամասները և հույս հայտնել, որ երկու բարեկամ երկրների գործակցությունը դինամիկ կերպով կզարգանա նաև պաշտպանական ոլորտում։

Չինական կողմն, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան նոր խթան կհանդիսանա այդ գործում։