«Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությանը հասնելն է»․ Բարզանի

Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասութ Բարզանի, արխիվ

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասութ Բարզանին մտադիր է սեպտեմբերի 25-ին սպասվող անկախության հանրաքվեից հետո թողնել իր պաշտոնը: Այս մասին նա հայտնել է «Ալ Արաբիա» լրատվական գործակալության հետ հարցազրույցում։

Բարզանին նշել է, որ Իրաքյան Քուրդիստանում կայանալիք հանրաքվեի հարցն արդեն քննարկվել է Իրաքի կենտրոնական իշխանությունների հետ։ «Միասին ապրելու համար շատ ջանք գործադրեցինք, չստացվեց, և հանրաքվե անցկացնելու որոշում ընդունեցինք»,- ասել է քրդական ինքնավար շրջանի ղեկավարը, հավելելով․ «Միակ ձգտումս իմ ժողովրդի անկախությանը հասնելն է։ Երբ իրագործեմ այդ նպատակը, պարտքս կատարած կլինեմ»։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրաքի հյուսիսային հատվածում հանրաքվեին ընդառաջ 18-օրյա քարոզարշավն արդեն մեկնարկել է, այն կավարտվի սեպտեմբերի 22-ին։ Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի շուրջ 5,5 մլն մարդ։