Ցուցարարները Մոսկվայում և Գրոզնիում իրենց աջակցություն են հայտնում Միանմայի մահմեդականներին

Այսօր Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիի կենտրոնում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ցույց․ չեչեններն իրենց աջակցությունն են հայտնել Միանմայում բուդդայականների հետ բախումներից տուժած մահմեդականներին:

Կազմակերպիչները պնդում են, թե շուրջ մեկ միլիոն մարդ է մասնակցել հանրահավաքին: Ներկա է եղել նաև Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը: Նա ավելի վաղ «Իստագրամ»-ում Մյանմայի մահմեդականներին աջակցող տեսաուղերձ էր տեղադրել: Ուղերձում Կադիրովն անգամ ասում է, թե դժգոհ է ռուսաստանյան լրատվամիջոցներից: Ավելին՝ նա ասում է․ - «Եթե Ռուսաստանի իշխանություններն աջակցեն այդ շեյթաններին, որ սպանում են մարդկանց, ես Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշմանը դեմ հանդես կգամ»:

Ռուսաստանցի փորձագետները նկատում են, որ սա թերևս առաջին անգամն է, որ Չեչնիայի ղեկավարը բարձրաձայնում է Կրեմլի հետ հնարավոր հակասությունների մասին:

Հիշեցնենք․ երեկ Մոսկվայում Մյանմային դեսպանատան առջև հավաքվել էին հարյուրավոր մահմեդականներ (տարբեր տվյալներով՝ 500-1000 մարդ): Նրանք բողոքում էին Մյանմայում մահմեդականների նկատմամբ բուդդայականների իրականացրած ջարդերի դեմ՝ հնչեցնելով «Դադարեցրեք ցեղասպանությունը» և «Ալլահ աքբար» կոչեր:

Այդ բողոքի ցույցն անօրինական էր․ ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպեր չեն գրանցվել, հավաքը խաղաղ է անցել:

Կրեմլն այդ ցույցը չի մեկնաբանել: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընդամենը ասել է, որ Կրեմլին մտահոգում են Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունները:

Մյանմայի իշխանությունները Ռաքհեյն նահանգի մահմեդական բնակչության մոտ մեկուկես միլիոն ռոհինջաներին համարում են Բալգլադեշից եկած ապօրինի միգրանտներ և հրաժարվում են նրանց քաղաքացիություն տալ։ Այս հողի վրա բախումներ են տեղի ունեցել, զոհվել է 400-ից ավելի մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ շ

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Մյանմայում «ցեղասպանություն է մահմեդական բնակչության դեմ»։

Ռուսաստանցիները համացանցում գրում են, որ Մոսկվայում Մյանմայի դեսպանատան մոտ երեկ հավաքվածների զգալի մասը Կադիրովի կողմնակիցներն են եղել՝ նկատելով նաև, որ իրավապահները բավականին մեղմ են վարվել ցուցարարների հետ։