Համացանցով սպառնալիքներ հնչեցնելու 3 դեպքերով դեռևս մեղադրյալներ չկան

Անցած երեք ամսում համացանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքերով հարուցված երեք քրեական գործերով դեռևս մեղադրյալներ չկան։ Խոսքը իրավապաշտպան Արթուր Սաքունցի, փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանի և Արայիկ Պապիկյանի հասցեին Ֆեյսբուք սոցիալական ցանցում հնչեցված սպառնալիքների մասին է:

Նրանք պնդում են՝ իրավապահները չեն շտապում բացահայտել իրենց ու իրենց ընտանիքի անդամներին սպանել կամ վնասել սպառնացող օգտատերերին։

Վերջին սպառնալիք ստացողը ոստիկանության գունդը գրավելու մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն է։ Փաստաբանը դժգոհ է իրավապահների աշխատանքից։ Նա «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ոստիկանությունը քրեական գործը հարուցել է միայն իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու հոդվածով, մինչդեռ Էմմա Սահակյան անվամբ օգտատերը հայհոյախառն արտահայտություններով փաստաբանից պահանջել է «չպաշտպանել մարդասպաններին» և սպառնալիքներ հնչեցրել նրա և ընտանիքի անդամների հասցեին։

«Ընտանիքիս անդամներին սպառնալիքների մասով որոշման մեջ ընդհանրապես ոչինչ նշված չէր», - փաստեց Պապիկյանը:

Փաստաբանը կարծում է, որ օգտատիրոջ կողմից ստացված երկու նամակները վերաբերում են մեկ տարի առաջ ոստիկանական գունդը գրաված «Սասնա ծռերի» և ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործերում իր ներգրավվածությանը։

Պապիկյանի խոսքով՝ տասն օր է անցել քրեական գործի հարուցումից, բայց որևէ քննչական գործողություն իր հետ կապված չի իրականացվել, անգամ հարցաքննության չեն հրավիրել: Փաստաբանը պնդում է՝ զարգացած տեխնիկայի ժամանակաշրջանում դյուրին է հայտնաբերել այն անձին, ով նման նամակներ է ուղարկել իրեն, բայց քննության դանդաղ տեմպերը նրան թույլ են տալիս ենթադրելու, որ մեղավորը ո՛չ կբացահայտվի, ո՛չ էլ կպատժվի։

«Չեմ ուզում ասել, որ ոչինչ չի արվում, բայց այս աշխատելաձևը հուշում է, որ, ամենայն հավանականությամբ, ոչինչ չի բացահայտվելու», - նշեց նա:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Պապիկյանի գործը ոստիկանությունից այսօր են ստացել և վարույթ ընդունել։ Նշեց, որ նախաքննության ընթացքում կպարզվեն դեպքի հանգամանքները և ձեռք կբերվեն ապացույցներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու համար։ - «Ապացույցների հիման վրա իրավական գնահատական կտրվի տվյալ անձի գործողություններին», - նշեց Տռուզյանը՝ հավելելով, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանի գործով էլ քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանությանը պարզելու օգտատիրոջ անհատական էլեկտրոնային հասցեն և ինքնությունը։

Փաստաբան Ինեսսա Պետրոսյանն ասում է՝ տեղյակ է միայն, որ տուժող է ճանաչվել։ Քրեական գործը հարուցված է արդարադատություն իրականացնելու հետ կապված սպառնալիքի հոդվածով։

«Ինձ թվում է նրանք շատ հապաղում են, այդքան էլ ջանասեր չեն», - իրավապահների աշխատանքը գնահատեց փաստաբանը:

«Սասնա ծռերի» անդամներ Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսսա Պետրոսյանը սպառնալիքներ է ստացել այլ գործի հետ կապված: Փաստաբանը նաև անցած ամռանը Նուբարաշենի խճուղում սպանված 58-ամյա Եղիշե Խաչատրյանի գործով նրա կնոջ՝ հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ներկայացուցիչն է դատարանում։ Փաստաբանի կասկածներն ուղղված են ամբաստանյալներից մեկի՝ Արտաշես Չիչոյանի հարազատներին:

Վերջին սպառնալիքը Ինեսսա Պետրոսյանը ստացել է մայիսի 20-ին՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցով, Նարինե Արզումանյան անվամբ հանդես եկող օգտատիրոջից: Նամակում նշվում է, որ եթե շարունակի սուտ խոսել, լավ չի լինի։ Հիշեցրել են, որ ընտանիք ունեցող կին է, սպառնացել՝ եթե շարունակի հիմարությունները, նրան չի փրկի ո՛չ լեզվաբանը, ո՛չ էլ իրավապահները։

«Էդ երդում ա մեր կողմից, հիշի ու փախի», - փաստաբանին ուղղված իր նամակն այս խոսքերով է ավարտել Նարինե Արզումանյան անվամբ օգտատերը։

Համացանցում սպառնալիք ստացած հաջորդ անձը իրավապաշտպան Արթուր Սաքունցն է։ Քրեական գործը հարուցվել է հունիսին՝ սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքի հոդվածով:

«Ֆեյսբուք»-ում իշխանության հասցեին Սաքունցի քննադատական գրառումից հետո Աշոտ Ավանեսյան անունով օգտատերը հունիսի սկզբին անձնական վիրավորանքներ էր ուղղել իրավապաշտպանին ու գրել․ - «Սաքունց, ես քեզ սպանելու եմ, ադրբեջանամետ դիվերսանտ... դու Ալիևի ագենտն ես, քո նման վահանմարտիրոսյանների գլուխը կտրել է պետք, ամեն վայրկյան սպասիր ինձ, ես հետևից կրակողներից չեմ, կրակելու եմ դեմից, 2-3 մետրից՝ 9 մմ տրամաչափի փամփուշտով: Սպասիր ինձ, Սաքունց»:

«Ազատության» հետ զրույցում Սաքունցն ասաց՝ տեղյակ չէ քննության ընթացքից։

Սոնա Տռուզյանը փոխանցեց, որ Սաքունցի հարցով ևս քննչական գործողություններ են կատարվել՝ հարցաքննություններ, ինչպես նաև ոստիկանությանը հանձնարարվել է պարզել օգտատիրոջ անհատական էլեկտրոնային հասցեն և ինքնությունը։