Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր Բրյուսելում ասել է, որ Եվրամիությունը պետք է ձգտի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման, սակայն չհրաժարվի եվրոպական արժեքներից:
«Առանց Ռուսաստանի առաջիկա դարերում չի լինի եվրոպական անվտանգություն: Եվրամիության տարածքը 5 և կես միլիոն քառակուսի կիլոմետր է, Ռուսաստանինը՝ 17 և կես միլիոն, էլի հարցեր կա՞ն»,- ասել է Յունկերը:
Նրա փոխանցմամբ, Եվրամիությանն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ գտնել երկու կողմերի ապագայի շահերից բխող քննարկումների ձևաչափ:
«Դրան պետք է հասնել՝ չուրանալով մեր արժեքներն ու սկզբունքներն, օրինակ Ղրիմի բռնակցումը չընդւնելը»,- ասել է Յունկերը, ով մշտապես նշում է Ռուսաստանի հետ կապերը բարելավելու անհրաժեշտությունը:
Եվրամիությունը սահմանափակել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի պատասխան Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցման և ռուս անջատականներին ցույց տրվող օգնության:
2014 թվականի ապրիլին Ուկրաինայի արևելքում սկված պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 10-ը հազար մարդ: