Շինուհայրի մանկապարտեզի շենքը քարուքանդ վիճակում է, երեխաները գետնին են քնում 

Շինուհայրի մանկապարտեզում մահճակալներ չկան, երեխաները գետնին են քնում

Սյունիքի մարզի ամենամեծ գյուղի՝ Շինուհայրի մանկապարտեզի շենքն ամբողջովին քարուքանդ վիճակում է: Ու թեև տարրական պայմաններն այստեղ բացակայում են, մանկապարտեզի 85 սաները սիրով են հաճախում նախակրթարան:

Մանկապարտեզի շենքը 1965 թվականին է շահագործման հանձնվել: Վերջին տարիներին տարբեր կազմակերպությունների օգնությամբ չորս խմբասենյակներում կոսմետիկ նորոգման աշխատանքներ են իրականացվել, սակայն խնդիրը դրանով չի լուծվել: Խմբասենյակներում սանհանգույցները չեն գործում, 85 երեխաներն ընդամենը մեկ սանհանգույցից են օգտվում, որը մի քանի տարի առաջ է նորոգվել: Մանկապարտեզը նաև չի ջեռուցվում, երեխաների սնունդը պատրաստվում է վառարանի վրա, լավագույն դեպքում հեղուկ գազ են օգտագործում:

Առավոտյան ժամը 9-15-ից մինչև 9-30-ը փոքրիկներն արադեն նախակրթարանում են լինում, որտեղ, սակայն, մահճակալներ չկան, հարկադրված չեն քնում: Տնօրենի խոսքով, ամենափոքրիկները հաճախ չեն դիմանում ու սեղաններին նստած քնում են: Մի քանի մահճակալ ունեն, նման դեպքերում քնած փոքրիկներին պառկեցնում են, հետո արթնացնում: Երեխաներից ոմանք էլ հենց գետնին են քնում:

Շինուհայրը խոշորացված Տաթև համայնքի կենտրոնն է: Խոշորացումից հետո համայնքի բյուջեից որոշ ներդրումներ են արվել, նորոգվել է մանկապարտեզի ևս մեկ խմբասենյակ, 20 երեխա է ընդունվել, սակայն շենքի նորոգման, գազաֆիկացման, գույքի ձեռքբերման հարցերն այդպես էլ չեն լուծվել: Պետական ծրագրի շրջանակներում նախատեսվում է մանկապարտեզը հիմնովին վերանորոգել 2018 թվականին: