ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով Իրաքում է

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիս, արխիվ

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը չհայտարարված այցով ժամանել է Իրաք։

Պենտագոնի ղեկավարի այցը համընկնում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերից մեկի՝ Թալ-Աֆարի վրա Իրաքի կառավարական ուժերի գրոհի հետ։

ԱՄՆ-ի աջակցությունը վայելող իրաքյան բանակը հարձակողական գործողություններ է սկսել երկու օր առաջ՝ վերադարձնելու Մոսուլից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաքը։

Ամիսներ տևած պայքարից հետո՝ հունիսին Մոսուլն ազատագրվեց ջիհադիստներից, ինչը դարձավ «Ւսլամական պետության» ամենախոշոր պարտություններից մեկը։

ԱՄՆ պաշտպանության նախարարը Իրաքի մայրաքաղաք Բաղդադ է ժամանել նախագահ Դոնալդ Թրամփի՝ Աֆղանստանի հարցով պաշտոնական Վաշինգտոնի նոր ռազմավարությունը ներկայացնելուց ժամեր անց։

Ենթադրվում է, որ Պենտագոնի ղեկավարը Բաղդադում կհանդիպի Իրաքի կառավարության և բարձրաստիճան զինվորականների հետ։ Նա նաև պլանավորում է Էրբիլում բանակցություններ վարել քրդական ինքնավար տարածաշրջանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ։