Իրանցի երկու ֆուտբոլիստ հեռացվել է հավաքականից՝ իսրայելական թիմի հետ խաղալու պատճառով

Իրանի ֆուտբոլի հավաքականը, արխիվ

Իրանը հայտնել է, որ ֆուտբոլի ազգային հավաքականի երկու խաղացողներ հեռացվել են հավաքականի կազմից, քանի որ խաղացել են իսրայելական թիմի հետ:

Իրանցի այդ ֆուտբոլիստները հանդես են գալիս հունական ֆուտբոլային ակումբում և անցած շաբաթ Եվրոպայի լիգայի առաջնությունում հունական թիմի կազմում խաղացել են իսրայելական թիմի դեմ:

Իրանի սպորտի փոխնախարար Մոհամադ Ռեզա Դավարզանին երեկ հայտարարել է, որ երկու կիսապաշտպանները այլևս չեն կարող կրել Իրանի ֆուտբոլի հավաքականի համազգեստը, քանի որ օգոստոսի 4-ին Թել Ավիվում «Պանիոնիոս»-ի կազմում խաղացել են իսրայելական «Մաքաբ»-ի հետ: Փոխնախարարը պետական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ այդ ֆուտբոլիստները անցել են Իրանի «կարմիր գիծը»:

Իրանը չի ճանաչում Իսրայել պետությունը: