«Մալոռոսիայի» գաղափարի վախճանը

Դոնեցկի անջատականների լիդեր Ալեքսանդր Զախարչենկոն, արխիվ, 24 հունիսի, 2017թ.

Դոնեցկի շրջանի ռուս անջատականների ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն ասել է, որ «Մալոռոսիա» երկիր ստեղծելու իր ծրագիրը ձախողվել է:

Երեկ Զախարչենկոն հրապարակել է հայտարարություն, որի համաձայն, «Մալոռոսիայի (Փոքր Ռուսաստանի) նախաձեռնությունը «շատերի կողմից մերժվել է»:

Զախարչենկոն այդ գաղափարի մասին առաջին անգամ խոսել է հուլիսի 18-ին, առաջարկելով ստեղծել «Մալոռոսիա» անվամբ պետություն, որի մայրաքաղաքը Դոնեցկը կլինի:

Կիևը և Արևմուտքը կտրականապես մերժել են այդ առաջարկը, որը չի ստացել նաև Կրեմլի աջակցությունը:

Զախարչենկոն իր նոր հայտարարությունում այնուամենայնիվ պնդում է, թե «Ուկրաինան վերափոխելու և կենտրոնական իշխանության լիազորությունները նվազեցնելու գաղափարն ունի մեծ թվով աջակիցներ»:

Ուկրաինայի արևելքում Դոնեցկի և Լուգանսկի անջատականները Ռուսաստանի աջակցությամբ պայքարում են Ուկրաինայի բանակի դեմ: 2014 թվականի ապրիլից ընթացող այդ պատերազմում զոհվել է ավելի քան 10-ը հազար մարդ: