Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) տեղեկացնում է՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ու նույն դատարանի դատավորի վերաբերյալ ծառայությունում քննվող քրեական գործով վկա, Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում է տվել, որ դատական կարգով համապատասխան ընկերության տարածքի մի մասը սեփականության իրավունքով ձեռք բերելու համար 2012-ին դիմել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ա. Պետրոսյանին: Դրա համար, ըստ վկայի, Ա. Պետրոսյանը նույն մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի միջոցով իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք, որի մի մասն ինքը փոխանցել է որպես միջնորդ հանդես եկած դատավորի օգնականի, իսկ մյուս մասը` դատարանի նախագահի վարորդի միջոցով:
«Կաշառքի գումարը փոխանցելուց հետո Մ. Ա.-ն տեղեկացել է, որ նշված ընկերության տարածքն այլ անձանց կողմից կեղծ փաստաթղթերով օրինականացնելուց հետո վաճառվել է 80 հազար ԱՄՆ դոլարով, որից 30 հազար ԱՄՆ դոլարը որպես կաշառք տրվել է վերը նշված դատարանի նախագահին: Ուստի Մ. Ա.-ն 2014-ին կարողացել է միջնորդից ետ վերցնել իր կողմից որպես կաշառք տրված 6 հազար ԱՄՆ դոլար գումարը», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ ծառայության, Մ. Ա.-ն հայտնել է նաև, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանում հօգուտ իրեն դատական ակտ կայացնելու համար տարբեր ժամանակահատվածներում ընդհանուր առմամբ 13 հազար դոլար կաշառք է տվել Երևանի վարչական շրջաններից մեկի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, սակայն քանի որ դատական ակտն ի վնաս իրեն է կայացվել, ուստի դատավորը ետ է վերադարձրել կաշառքի գումարի մի մասը, իսկ մնացած 8 հազար դոլարը վերադարձնելու վերաբերյալ ստացական է տվել:
«Այսպիսով, դատավորների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 313-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն», - ասված է հաղորդագրությունում: