Վրաց ակտիվիստներն այսօր ակցիա կանցկացնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմաններին

Վրացի կինը Ինգուրի գետի կամրջով հատում է Աբխազիայի և Վրաստանի վարչական սահմանը, արխիվ

Այսօր Վրաստանի քաղաքացիական ակտիվիստները, հայրենասիրական միությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ակցիա են անցկացնելու Աբխազիայի վարչական սահմանով անցնող Ինգուրի գետի կամրջի մոտ:

Կեսօրին նրանք հավաքվելու են Վրաստանի Զուգդիդի քաղաքի Ազատության հրապարակում և շարժվելով դեպի Ինգուրի գետ՝ կենդանի շղթա են կազմելու կամրջի տարածքում:

Ակցիայի կազմակերպիչներից լրագրող Լաշա Բերուլավան, ներկայացնելով իրենց պլանները, նախօրեին ասել է. - «Սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր քաղաքական ուժ, ով ընդունում է, որ Ռուսաստանը օկուպացրել է մեր երկիրը, կարող է մասնակցել ակցիային: Մենք կլսենք պետական օրհներգը, մեր աբխազ համաքաղաքացիներին կհղենք հաշտեցման ուղերձներ և ակցիա կանենք։ Զգույշ՝ 800 մետր հեռավորության վրա ռուս օկուպանտներ են»։

Մեկ այլ խումբ՝ «Ուժը միասնության մեջ է» շարժման ակտիվիստները կենդանի շղթա են կազմելու Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին՝ Կարապիլա-Խուրվալեթի հատվածում:

Այսօրվա ակցիաները կազմակերպվում են 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմի 9-րդ տարելիցի կապակցությամբ:

9 տարի առաջ օգոստոսի 7-ին ռուսական զորքերը ներխուժեցին Վրաստանի տարածք: Կարճատև պատերազմի ընթացքում Վրաստանի 408 քաղաքացի զոհվեց, որից 170-ը՝ զինծառայող:

Ըստ ռուսական կողմի մեկնաբանության, 2008-ի օգոստոսի 8-ին Վրաստանը հարձակվել է Հարավային Օսիայի վրա, Ռուսաստանը պաշտպանել է խաղաղ բնակիչներին: Հնգօրյա պատերազմի ընթացքում ավելի քան 1000 մարդ է զոհվել, որից 72-ը՝ ռուսաստանցի զինծառայողներ:

2008-ի օգոստոսի 12-ին կրակը դադարեցնելու միջազգային պայմանագիր ստորագրվեց: Մոսկվան ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, ինչը միջազգային հանրությունը չի ընդունում:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարությունն է տարածել՝ նշելով, որ 9 տարի անց Ռուսաստանը չի կատարել օգոստոսի 12-ի միջազգային համաձայնագրի պայմանները, ամբողջովին անտեսում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, շարունակում է օկուպացիայի քաղաքականությունը և ինքնիշխան պետության անքակտելի շրջանների փաստացի բռնազավթումը:

Վրաստանի արտգործնախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել համախմբված ջանքեր գործադրել՝ վերացնելու 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ծանր հետևանքները՝ ռուս - վրացական հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով: