Յակուտիայում շարունակում են որոնել անհետ կորած 8 հանքափորի

Փրկարարները որոնում են անհետ կորած հանքափորներին, Յակուտիա, 4 օգոստոսի, 2017թ.

Ռուսաստանցի փրկարարները շարունակում են որոնել երկրի ամենախոշոր ալմաստի հանքում վթարից հետո անհետ կորած համարվող ութ հանքափորների:

Սախա-Յակուտիայի շրջանում ստորգետնյա ջրերը երեկ երեկոյան լցվել են «Միր» հանքը: Վթարի պահին այնտեղ աշխատել է 142 հանքափոր: 133 հանքափորներ կարողացել են դուրս բարձրանալ, ևս մեկին, ով ծանր վիճակում է, այսօր առավոտյան են դուրս հանել:

Հանքի մոտակայքում գտնվող Միրնի ավանում արտակարգ դրություն է հայտարարվել: Վթարի վայրում աշխատում է մոտ 40 փրկարար:

Interfax գործակալության փոխանցմամբ, անցած գիշեր մի քանի անգամ հաջողվել է կարճատև ժամանակով կապ հաստատել անհետ կորածների հետ:

Ալմաստի արդյունահանմամբ զբազվող ռուսական ամենախոշոր ընկերությունը՝ «Ալրոսան», հաղորդել է, որ ջրի մակարդակը հանքում իջել է, օդափոխության և էլեկտրամատակարարման համակարգերը շարունակում են աշխատել, հետևաբար, կա ութ հանքափորներին փրկելու մեծ հույս: