Դատավորը որոշեց Սեֆիլյանի և Պողոսյանի փաստաբաններին փոխարինել հանրային պաշտպաններով

Ժիրայր Սեֆիլյանին հեռացնում են դատարանի դահլիճից, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանի գործով դատավորն այսօր որոշեց հանրային պաշտպանով փոխարինել ընդդիմադիր գործչի փաստաբաններին: «Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» համար նիստերի դահլիճից հեռացված Սեֆիլյանին ոստիկանները մի քանի րոպեով բերեցին դահլիճ:

Փաստաբաններ Տիգրան Հայրապետյանը և Արա Զաքարյանը չեն ներկայանում նիստերին, ասաց դատավոր Տաթևիկ Գրիգորյանն ու հարց տվեց՝ ունի՞ արդյոք Սեֆիլյանն այլ պաշտպաններ: «Իմ պաշտպաններին դուք եք խանգարում, որ ներկա լինեն»,- պատասխանեց Սեֆիլյանը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարել է, որ Սեֆիլյանի բացակայությամբ չի մասնակցելու նիստերին, այդպիսի հանձնարարություն հենց իր պաշտպանյալից է ստացել: Ավելին՝ Հայրապետյանը դիմել է Սերժ Սարգսյանին՝ այս գործով դատավորին պաշտոնանկ անելու պահանջով: Ընդդիմադիր գործչի մյուս փաստաբան Արա Զաքարյանն էլ դատարանին գրություն էր ուղարկել, որ այլ նիստի է մասնակցում, հետևաբար չի կարող ներկայանալ:

Եվ չնայած Սեֆիլյանի անհամաձայնությանը, մեկ շաբաթից կայանալիք հաջորդ նիստին Փաստաբանների պալատը պետք է հանրային պաշտպան ուղարկի նրա շահերը ներկայացնելու համար: Նույն կերպ դատավորը վարվեց նաև մեղադրյալ Ներսես Պողոսյանի փաստաբանների՝ Արայիկ Պապիկյանի և Նինա Կարապետյանցի հետ՝ որոշելով նրանց ևս փոխարինել հանրային պաշտպաններով: Մինչդեռ, Ներսես Պողոսյանը նույնպես դեմ էր:

Ի դեպ, Ներսես Պողոսյանի պաշտպանները դատարանի շենքում էին, բայց նիստին հետևում էին ապակու մյուս կողմից: Արայիկ Պապիկյանն ասաց, որ դատարանն իրեն չի կանչում նիստերի․ «Արդեն երրորդ նիստն է, դատավորն ինձ չի ծանուցում: Հաշվի առնելով, թե ինչ է տեղի ունենում այս դատավարության ընթացքում, ոչնչից պետք չէ զարմանալ»: Ներսես Պողոսյանի մյուս պաշտպանն էլ՝ Նինա Կարապետյանցը, փաստաբանների համար նախատեսված հատվածում չէր նստել, քանի որ կարգադրիչները մուտքի մոտ առաջարկել էին բացել պայուսակը: «Ես իմ լիցենզիան ու վկայականը կտանեմ կշպրտեմ փաստաբանների պալատ, բայց կյանքում խուզարկության չեմ ենթարկվի»,- կարգադրիչներին ասաց Նինա Կարապետյանցը:

Ապա, իրերը թողնելով դրսում, Կարապետյանցը ոչ որպես փաստաբան, այլ որպես քաղաքացի, դահլիճից էր հետևում նիստին: Դահլիճում Կարապետյանցին նկատելով՝ դատավորը պահանջեց, որ նա մասնակցի նիստին: Փաստաբանը, սակայն, լքեց դահլիճը՝ արժանանալով հերթական սանկցիային․ դատավորը դիմելու է փաստաբանների պալատ՝ Կարապետյանցի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Այսպիսով՝ երկրորդ ամիսն ընթացող դատավարությունն այդպես էլ չի քննում քրեական գործը, առայժմ միայն սանկցիաներ են կիրառվում մեղադրյալների, փաստաբանների ու անգամ դահլիճում ներկաների նկատմամբ: Յոթ ամբաստանյալներից վեցը հեռացված են նիստերից, դահլիճ է բերվում միայն Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված միակ մեղադրյալը: Ի տարբերություն մյուսների, նա դատարանում ոտքի է կանգնում:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների հրահրում, նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։ Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքները՝ դրանք կապելով իր քաղաքական գործունության հետ: