Մոտ ապագայում հնարավոր չէ լուծել դատարանները զննող սարքերով ապահովելու հարցը. Փաստաբանների պալատ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան, արխիվ

Անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովման խնդիրը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ: Այս մասին հայտնում է Փաստաբանների պալատը՝ վկայակոչելով Դատական դեպարտամենտից ստացված պատասխանը։

Հիշեցնենք, դեռ անցած ամիս Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրություն էր ուղարկել Դատական դեպարտամենտ և մասնավորապես առաջարկել էր՝ հաշվի առնելով դատական կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու ժամանակ առաջացած միջադեպերը և դրանց կանխման անհրաժեշտությունը, դատարանների շենքերն ապահովել զննության այնպիսի սարքավորումներով, որոնք փաստաբանների զննության ժամանակ կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն կարգադրիչների անմիջական միջամտությունը:

Ըստ Փաստաբանների պալատի հաղորդագրության, Դատական դեպարտամենտից ի պատասխան գրության հայտնել են, որ 2018 թվականի բյուջետային հայտում նախատեսվել է զննման սարքավորումների, ինչպես նաև մետաղորսիչ սարքերի ձեռքբերումը, որի ֆինանսավորման դեպքում Հայաստանի բոլոր դատարանները կապահովվեն համապատասխան զննության սարքերով: Հետևաբար, Փաստաբանների պալատը եզրակացնում է, որ անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությամբ դատարանների ապահովման խնդիրը շատ մոտ ապագայում լուծել հնարավոր չէ:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռերի», «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի և հանրային հնչեղություն ունեցող այլ գործերով դատական նիստերի մեկնարկին պարբերաբար խնդիրներ են ծագում փաստաբանների ու կարգադրիչների միջև. գործերով փաստաբանները հրաժարվում են կարգադրիչների՝ «զննության» ենթարկվելու պահանջից, այն որակելով «խուզարկություն», արգելվում է փաստաբանների մուտքը դատարան, դատավորներն էլ նիստին չներկայանալու համար սանկցիաներ են կիրառում փաստաբանների նկատմամբ։