Հարազատները տեսակցել են Սաֆարյանին, ըստ նրանց՝ վտանգները չեզոքացվել են

Գևորգ Սաֆարյանը դատական նիստերից մեկի ժամանակ, արխիվ

Ընդդիմադիր ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի հարազատները՝ հայրը, մայրը և եղբայրն այսօր տեսակցել են նրան։

Սաֆարյանի եղբայրը՝ Արմո Սաֆարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ այս պահին նրա կյանքին սպառնացող վտանգները չեզոքացվել են՝ Գևորգին համաձայնել են տեղափոխել իր նախընտրած խուցը:

Հիշեցնենք, «տոնածառի գործով»՝ Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով երկու տարվա ազատազրկման դատապարտված Սաֆարյանի փաստաբաններն ահազանգում են նրա կյանքին սպառնացող վտանգի մասին։ Փաստաբանների պնդմամբ, քրեակատարողական հիմնարկը Սաֆարյանին առանձնախցից ցանկանում է տեղափոխել ընդհանուր մասնաշենք, որտեղ նրան «քրեական տարրերի կողմից հաշվեհարդար» է սպասում:

Նշենք, որ այս ահազանգի հիման վրա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում անմիջապես սկսվել է քննարկման ընթացակարգ։ ՄԻՊ ներկայացուցիչները քանիցս այցելել են Սաֆարյանին, առանձնազրույցներ ունեցել նրա հետ։