Սպիտակ տունը Ջոն Հանթսմանին առաջադրում է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում

Ջոն Հանթսման, արխիվ

Սպիտակ տունը Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջարկել է Ջոն Հանթսմանի թեկնածությունը, այն պետք է հաստատի Սենատը:

57-ամյա Հանթսմանը Յուտայի նախկին նահանգապետն է, 2009-11 թվականներին եղել է ԱՄՆ դեսպանը Չինաստանում: Նա աշխատել է Միացյալ Նահանգների 5 նախագահների վարչակազմերում, ԱՄՆ նախագահի 2012-ի ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածուներից մեկն էր:

Հիշեցնենք՝ Մոսկվայում ԱՄՆ հավանական դեսպանի հայրը՝ Ջոն Հանթսման ավագը ժամանակին բազմաթիվ այցելություններ է կատարել Հայաստան: Իրականացրած բարեգործական ծրագրերի համար Հայաստանում նրան շնորհվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշան: Ջոն Հանթսման ավագը նաև Գյումրիի պատվավոր քաղաքացի է: