Թուրքիայում արտակարգ դրությունը երկարաձգվեց չորրորդ անգամ

Թուրքիայում ենթադրյալ գյուլենականների են ձերբակալում, Կայսերի, ապրիլ, 2017թ․

Արտակարգ դրության ռեժիմը Թուրքիայում կպահպանվի ևս առնվազն երեք ամիս: Երկուշաբթի երեկոյան հրավիրված նիստի ընթացքում նման որոշում կայացրեց երկրի խորհրդարանը՝ Ազգային մեծ ժողովը:

Արտակարգ դրության ռեժիմը չորրորդ անգամ անընդմեջ երկարաձգելու առաջարկով թուրք պատգամավորներին էին դիմել Ազգային անվտանգության խորհրդի նույն օրը կայացած նիստի մասնակիցները: Hurriyet-ի տեղեկություններով՝ Անվտանգության խորհրդի անդամները այնքան էին շտապում, որ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու պահանջով պաշտոնական գրությունը խորհրդարան էին ուղարկել անգամ չսպասելով երկուշաբթի երեկոյան նախատեսված կառավարության նիստի ավարտին:

Բնական է, որ թուրքական ընդդիմությունն այս որոշումը խիստ քննադատության ենթարկեց` պնդելով, որ իշխանություններն արտակարգ դրության ռեժիմը պահպանում են բացառապես ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով:

«Նախագահ Ռեջեփ Էրդողանը արտակարգ դրությունը որպես յուրատեսակ վահան է օգտագործում, մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձն էլ նա ծառայեցնում է իր քաղաքական նպատակներին: Իրականում արտակարգ դրության ռեժիմը վերածվել է բռնապետության ռեժիմի: Մեր համոզմամբ՝ արտակարգ դրության ռեժիմը պետք է վերացվի», - հայտարարում էր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Այթուղ Աթըջըն:

Արտակարգ դրության պայմաններում գործադիր իշխանությունը Թուրքիայում հնարավորություն է ստանում երկիրը ղեկավարել հրամանագրերի միջոցով` շրջանցելով օրենսդրական ակտերի հաստատման համար Սահմանադրությամբ ամրագրված ընթացակարգերը: Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամները, սակայն, պնդում են, որ արտակարգ դրության ռեժիմի հաստատումը հեղաշրջման տապալումից նույնիսկ մեկ տարի անց շարունակում է սուր անհրաժեշտություն մնալ:

«Մենք այսօր լուրջ խնդրի առջև ենք կանգնած, և այն հաղթահարելու, առկա խնդիրները օրենքի շրջանակում չեզոքացնելու համար, արտակարգ դրության ռեժիմը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ երկրում առկա է ահաբեկչության վտանգը», - խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո նշում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Բյուլենթ Թուրանը:

Արտակարգ դրության ռեժիմի գործողության մեկ տարում Թուրքիայում շուրջ 50 հազար մարդ է ձերբակալվել, ևս 150 հազարը զրկվել են աշխատանքից: Նրանց ճնշող մեծամասնությանը կասկածում են Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցը լինելու մեջ: Հեղաշրջման փորձից անգամ մեկ տարի անց ձերբակալությունները երկրի տարածքում շարունակվում են: Մեկ շաբաթ առաջ թուրքական դատախազությունը 72 համալսարանական դասախոսների ձերբակալության հրաման արձակեց, կիրակի օրն էլ 100-ից ավելի դասախոսներ, լրագրողներ և գործարարներ ձերբակալվեցին Թուրքիայի արևմուտքում գտնվող Թեքիրդաղ գավառում:

Այսօր վաղ առավոտյան էլ Ստամբուլի դատարանը որոշեց չփոխել իրավապաշտպան Amnesty International կազմակերպության թուրքական մասնաճյուղի տնօրեն Իդիլ Էսերի և նրա գործընկերների խափանման միջոցը: Ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող իրավապաշտպանները, որոնց թվում, ի դեպ, Շվեդիայի և Գերմանիայի քաղաքացիներ կան, շարունակելու են մնալ ճաղերի ետևում:

«Այսպիսով, 10 իրավապաշտպաններ դատախազի պահանջով շարունակելու են մնալ նախնական կալանքի տակ` ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու ծիծաղաշարժ մեղադրանքի պատճառով: Մինչ օրս անգամ հստակ չէ, թե հատկապես որ ահաբեկչական կազմակերպությունն ի նկատի ունեն», - նշում է Amnesty International-ի ներկայացուցիչ Էնդրյու Գարդները:

Իրավապաշտպանները ձերբակալվել էին հուլիսի 5-ին` Ստամբուլի մերձակայքում գտնվող կղզիներից մեկում կազմակերպված սեմինարի ընթացքում: Թուրքիայի նախագահի համոզմամբ, սակայն, դա ոչ թե սեմինար էր, այլ՝ դավադրության նախապատրաստում: «Ինչո՞ւ էին այդ մարդիկ հավաքվել այդ կղզում գտնվող հյուրանոցում: Ցավոք սրտի, այդ հանդիպումը հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման շարունակությունն էր», - հայտարարում էր Էրդողանը: