Եվրախորհրդարանը Եվրամիության դատախազություն ստեղծելու մասին որոշում է ընդունել

Եվրամիությունը կունենա սեփական դատախազությունը: Նման որոշում է ընդունել Եվրախորհրդարանը: Ենթադրվում է, որ նոր կառույցը, որի աշխատանքներին մասնակցելու է ԵՄ-ի անդամ 20 երկիր, սկսելու է աշխատել 2020 թվականից, հաղորդում է DPA գործակալությունը:

Եվրամիության դատախազության խնդիրներից է լինելու ֆինանսական ոլորտում միջսահմանային բազմամիլիարդանոց հանցավոր գործարքների, մասնավորապես, կոռուպցիայի, փողերի լվացման ու եվրոպական ֆինանսական միջոցների հետ կապված մեքենայությունների դեմ պայքարը:

Համաեվրոպական դատախազություն ստեղծելու շուրջ քննարկումներն ընթանում էին տարիներ շարունակ, քանի որ Եվրամիության անդամ 28 երկրներից ոչ բոլորն էին համաձայն արդարադատության ազգային կառույցների լիազորությունների մի մասը ԵՄ-ին փոխանցելուն: