Բաքուն «պատասխանեց» Մոսկվայի մեղադրանքներին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը «պատասխանել է» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին խտրականության ենթարկելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան այդ մասին խոսել է մամուլի ասուլիսի ժամանակ: «Հաջիևը փոխանակ բացատրեր, թե ինչու է Բաքուն նման սահմանափակումներ մտցրել, սկսել է պատմել այն մասին, որ «Ադրբեջանը հպարտանում է իր բազմամշակութային ավանդույթներով, որ ամբողջ աշխարհի համար օրինակ են ծառայում», - գրում է ադրբեջանական անկախ գործակալությունը: «Ցավոք, հայազգի որոշ դեմքեր էթնիկ հողի վրա թշնամական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով էլ մենք որոշ միջոցառումներ ենք իրականացնում», - ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ը: