Մոլդովայի նախագահը Մերձդնեստրի խնդրի վերջնական լուծում է ակնկալում 2019-20 թվականներին

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոն, արխիվ

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հույս ունի, որ առաջիկա տարիներին հնարավոր կլինի վերջնականապես լուծել գրեթե երեք տասնամյակի պատմություն ունեցող Մերձդնեստրի հակամարտությունը: Այս մասին նա հայտարարեց շաբաթասկզբին Մոլդովայի հեռուստատեսության եթերում:

«Ես մեծ հույսեր են փայփայում, որ երկրի միավորման իրական ժամկետը 2019-2020 թվականներն են: 2018-ին Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են: Մինչև ընտրությունները այդ հարցի լուծումն անհնարին է, քանի որ խորհրդարանական մեծամասնությունը արգելափակում է կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերը: Քանի դեռ մենք այդ խմբերին արմատախիլ չենք արել իշխանական համակարգից, հարցի քաղաքական լուծումն անհնարին է: 2019-2020 թվականներն, ըստ իս, այն իրական ժամանակահատվածն են լինելու, երբ մենք կկարողանանք ձեռնամուխ լինել Մերձդնեստրի տարածաշրջանի քաղաքական կարգավիճակի հստակեցմանը` միասնական Մոլդովայի կազմում», - ասաց Դոդոնը:

Ուշագրավ է, որ Մոլդովայի նախագահն այս հայտարարությունը հնչեցրեց պաշտոնական այցով Բաքու մեկնելուց հաշվված ժամեր առաջ: Ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, սակայն, Իգոր Դոդոնը «սառեցված» հակամարտությունների մասին խոսելով` ընդգծված մեղմ հռետորաբանություն է գերադասում: Մոլդովայի նախագահը հատուկ ընդգծում է, որ ճանաչում է Մերձդնեստրի ինքնահռչակ հանրապետության իշխանությունների լեգիտիմությունը: Ավելին, հակամարտության վերջնական կարգավորման դեպքում, ըստ Դոդոնի, պաշտոնական Քիշնևը պատրաստ է ճանաչել այն բոլոր իշխանական լիազորությունները, որ այսօր գտնվում են Մերձդնեստրի նախագահի և կառավարության ձեռքում:

«Իմ կարծիքով՝ մենք ընդհանուր ապագա ունենք: Մենք պետք է անենք ամեն ինչ երկիրը միավորելու համար: Ես բազմիցս արտահայտվել եմ մոլդովական պետության դաշնային կառուցվածքի օգտին: Որպես Մոլդովայի նախագահ ես հստակ նպատակ ունեմ` իմ պաշտոնավարման ընթացքում մոտենալ այս խնդրի քաղաքական հանգուցալուծմանը», - հայտարարեց Իգոր Դոդոնը: