3 միլիոն եվրո Հայաստանին՝ սիրիացի փախստականներին աջակցելու համար

Սիրիահայերը ժամանում են Երևան, 2012թ․

Եվրամիության տարածաշրջանային ներդրումային հիմնադրամն այսօր սիրիական ճգնաժամի հետևանքների մեղմացմանն ուղղված 275 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է հաստատել: Ծրագրով նախատեսվում է աջակցել փախստականներին և նրանց ապաստան տված համայնքներին Թուրքիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Արևմտյան Բալկաններում և Հայաստանում:

Ծրագիրը կենտրոնանալու է կրթության, առողջապահության, համայնքների աջակցության, սոցիալական ներգրավվածության, գենդերային հավասարության վրա:

Համաձայն Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության՝ 275 միլիոն եվրոյից 3 միլիոնը հատկացվելու է Հայաստանում սիրիացի փախստականներին: Նախատեսվում է, մասնավորապես, մեծացնել առողջապահական և հոգեբանական ծառայությունների մատչելիությունը, բարելավել բնակարանային պայմանները, մեծացնել տնտեսական ծրագրերին մասնակցելու հնարավորությունները և աշակերտների ու ուսանողների ինտեգրումը:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայի վեցամյա քաղաքացիական պատերազմի հետևանքով ավելի քան 12 միլիոն մարդ է տեղահանվել: Հայաստանի սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ պատերազմի բռնկվելուց ի վեր Հայաստանն ընդունել է 22 հազար սիրիահայի: