Բրայզայի համոզմամբ՝ ԼՂ խնդիրը կլուծվի միայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև համաձայնության դեպքում

Մեթյու Բրայզա, արխիվ

Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Բաքվում հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման և անվտանգության գլխավոր խոչընդոտն է, «Հայաստանը բռնազավթել է տարածքները, պետք է վերադարձվեն այդ հողերը, և պետք է ընդհանուր լեզու գտնել»:

Ադրբեջանական APA լրատվական գործակալության հետ զրույցում ամերիկացի նախկին դիվանագետը կարծիք է հայտնել, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն պատերազմով:

«Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմական գործողություններ կարող են սկսվել այն ժամանակ, եթե Ադրբեջանի կամ Հայաստանի կառավարությունները այդ հարցով որոշում ընդունեն», - պնդել է Բրայզան՝ կարծիք հայտնելով, որ նման գործողություններով ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հետաքրքրված չեն:

Նախկին միջնորդի համոզմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը և Ռուսաստանը այդ հարցով համաձայնության չեն եկել:

«Ներկայումս այդ երկրների միջև, կարելի է ասել, կապեր չկան: Համանախագահները կգան, կարգավորման ուղիներ կփնտրեն, բանակցություններ կանցկացնեն: Բայց առաջընթաց չի լինի, մինչև վերը նշվածը տեղի չունենա», - ասել է Բրայզան: