Գյումրիում ճանապարհների նորոգման շինաշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերին, «ատկատ չի լինելու»

Անբարեկարգ փողոց Գյումրիում, արխիվ

Գյումրիում 16 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման ծրագրի պատասխանատուները նախատեսում են աշխատանքները սկսել հոկտեմբերին: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այդ նպատակով 23 մլն եվրոյի վարկ է տրամադրելու:

Արդեն կայացել է խորհրդատուների մրցույթը, հայտնի է նախագծողը՝ «Ճաննախագիծ» ինստիտուտ: Առաջիկայում նախատեսվում է անցկացնել շինարարի միջազգային մրցույթը: Այսօր ՎԶԵԲ-ի ներկայացուցչիների և նախագծողների հետ հանդիպմանը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը նկատեց՝ առաջին անգամն է, որ Գյումրիում փողոցաշինության համար վարկային միջոցներ են տրամադրվում: Քաղաքապետը խոստացավ՝ գյումրեցիների համար երկար սպասված ծրագրի իրականացումը թափանցիկ ու խստորեն վերահսկվող է լինելու:

Դեռ սահմանադրական հանրաքվեի նախօրեին՝ մոտ 1,5 տարի առաջ Հայաստանի նախագահը հայտարարել էր երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի փողոցների հիմնանորոգման ծրագրի իրականացման մտադրության մասին: Սերժ Սարգսյանն այն ժամանակ խոստացել էր «ընդամենը մի քանի օրից» սկսել գործընթացը: Մինչ օրս, սակայն, շինարարութունը չի մեկնարկել: Գյումրեցիներն իրենց ցեխառատ ու փոսառատ փողոցները ռազմի դաշտի հետ են համեմատում: Քաղաքապետը նրանց հակադարձում է՝ ընթացակարգն առնվազն 2 տարի է տևում:

Շատ է խոսվում ճանապահաշինության ոլորտին բնորոշ «ատկատների» մասին: Բալասանյանը բացառեց դրա հնարավորությունը՝ «ատկատ հասկացողություն չի եղել ինձ մոտ և չի լինելու»: 16 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացվելու է երեք տարում: 6 կմ երկարությամբ հատվածում նաև խնայող լամպերով լուսավորություն է ապահովվելու: Ըստ Գյումրիի քաղաքապետի, եթե հաջողվի գումար տնտեսել, ապա բանկի հետ պայմանավորվածություն ունեն «լրացուցիչ փողոցների բարեկարգման» հնարավորության շուրջ: