Պետդումայի խոսնակ․ «Արևմուտքը սլավոններին պաթոլոգիապես չի սիրում»

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդին, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Արևմուտքը սլավոններին «պաթոլոգիապես չի սիրում»:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցները վկայում են ոչ միայն ռուսոֆոբիայի, այլև «գենետիկ մակարդակով՝ սլավոնոֆոբիայի մասին»:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Վոլոդինն ասել է, թե պատժամիջոցների հետևում կանգնածներին կարելի է կասկածել սլավոնների դեմ պայքարելու մեջ: «Սլավոն ժողովուրդների նկատմամբ նման վերաբերմունքը լավ բանի չի հանգեցնի», - զգուշացրել է Պետդումայի խոսնակը:

Այսօր Վոլոդինը մեկնում է Մինսկ, որտեղ նախագահելու է Ռուսաստան-Բելառուս միության խորհրդարանական ժողովը:

ԱՄՆ-ը և եվրոպական երկրները Ռուսաստանի դեմ 2014-ին պատժամիջոցներ են սահմանել Ղրիմը բռնակցելու և Ուկրաինայի արևելյան շրջանների հակամարտությանը միջամտելու պատճառով, իսկ Բելառուսի դեմ պատժամիջոցները սահմանվել են 2000-ական թվականներից՝ մարդու իրավունքների խախտումների պատճառով: Երեկ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգեց Բելառուսի ղեկավարների, կառավարության անդամների դեմ պատժամիջոցները:

Նշենք, որ ԱՄՆ-ը և Եվրոպան բազմաթիվ բնագավառներում համագործակցում են սլավոնական երկրների հետ: ՆԱՏՕ-ի անդամ են Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Խորվաթիան, օրերս Հյուսիսատլանտյան դաշինքին միացավ Չեռնոգորիան (Մոնտենեգրոն): Մի շարք սլավոնական երկրներ անդամակցում են Եվրամիությանը: