Ռոնալդուն մեղադրվում է 15 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ

Կրիշտիանու Ռոնալդու, արխիվ

Իսպանիայի դատախազությունը դատարան է ուղարկել հայցադիմում, որով ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին մեղադրում է մոտ 15 միլիոն եվրոյի չափով հարկերից խուսափելու մեջ: Երկրի իրավապահների տվյալներով, 2010 թվականին նա ստեղծել է կորպորատիվ մի կառույց, որի միջոցով թաքցրել է Իսպանիայում ստացած եկամուտները: Գերմանական Spiegel-ը նշում է, որ «Ռեալ»-ի ռմբարկուն իր գործավարի օգնությամբ գումարներն օֆշորների միջոցով դուրս է հանել: Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Մայիսի վերջին Ռոնալդուն , ով աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից է, դարձյալ հարկային սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Այն ժամանակ մամուլը գրեց, որ մարզիկը մտադիր է դատական քաշքշուկից խուսափելու համար ինքնակամ 6 միլիոն եվրո վճարել՝ իսպանական օրենսդրությունը խախտելու դիմաց: