Թուրքական ընդդիմության պնդմամբ, իշխանությունն իմացել է հեղաշրջման մասին, բայց չի կանխել՝ «իր նպատակներին հասնելու համար»

Թուրքիայում ձերբակալում են այն զինծառայողներին, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ, արխիվ

Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ուժը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պնդում է, որ անցյալ տարվա հեղաշրջման փորձը վերահսկվել է իշխանության կողմից: Ըստ ԺՀԿ-ի, իշխանություններն իմացել են հեղաշրջման փորձի մասին, այն չեն կանխել և ստեղծված իրավիճակից օգուտներ են քաղել՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Նման պնդումներ են տեղ գտել Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների կազմած 307 էջանոց զեկույցում: Ընդդիմադիրներն այդպիսով արձագանքել են խորհրդարանական հանձնաժողովի նախնական այն զեկույցին, որը կազմվել է 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի ուսումնասիրման, դրա կազմակերպիչների բացահայտմանն ուղղված աշխատանքների արդյունքում:

«2016-ի հուլիսի 15-ի դավաճանական հեղաշրջման փորձից հետո ի հայտ եկած փաստերը ցույց են տալիս, որ դրա մասին վաղուց հայտնի էր: Իշխանությունները դա ակնկալել են և դիտարկել որպես հնարավորություն՝ իրենց վերջնական նպատակին հասնելու համար»,- նշված է թուրք ընդդիմադիրների զեկույցում:

Հղում անելով դեռ 2016 թվականի մարտին ու ապրիլին Turkiye թերթի սյունակագիր Ֆուաթ Ուղուրի երկու հոդվածներին, որոնցում նա գրել էր, թե զինված ուժերում որոշ ակտիվության կա, ինչը հնարավոր հեղաշրջման մասին կարող է վկայել, Ժողովրդա-հանրապետական պատգամավորները պնդում են՝ հեղաշրջման փորձից ամիսներ առաջ նման հրապարակումները հետախուզական ծառայությանն ուղղված հստակ տեղեկություններ էին, և «անհավատալի է, թե ծառայությունը տեղեկացված չլիներ այն մասին, ինչը գիտեր Ֆուաթ Ուղուրը»:

Ընդդիմադիր օրենսդիրների պնդմամբ, դատախազության նյութերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեղաշրջման փորձի նախապատրաստումը սկսվել է 2015-ի վերջերին, և դրանում ներգրավված մարդկանց անունները հայտի են եղել հետախուզական ծառայությանը: Զեկույցում նշված է, որ հեղաշրջման փորձը չի կանխվել, չնայած հանգամանքին, որ նախօրեին՝ հուլիսի 14-ին 6-ժամյա հանդիպում են ունեցել Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ գեներալ Հուլուսի Աքարը:

Զեկույցում հղում կա նաև ուղղաթիռի օդաչուի ցուցմունքին, ում անունը գործի նյութերում նշված է որպես մայոր O.K.: Նա ցուցմունք է տվել, որ իր անմիջական հրամանատարների հանձնարություններից հետո՝ հուլիսի 15-ի ցերեկը գնացել է Ազգային հետախուզական ծառայության կենտրոնակայան և հաղորդում տվել հնարավոր հեղաշրջման մասին: Թուրքական ընդդիմության պնդմամբ, սա հստակ ապացույցն է այն իրողության, որ իշխանություններն անտեսել են հեղաշրջման մասին տեղեկությունը:

Զեկույցն արձանագրում է՝ 2016-ի հուլիսի 15-ը պատմության մեջ է մնալու որպես «չկանխված հեղաշրջման փորձ»: Փաստաթուղթը մեղադրում է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը, որը «կամայականորեն օգտվել է արտակարգ դրության իրավիճակից՝ կենտրոնացնելու իշխանությունը նախագահական կառավարման համակարգի հաստատմանը հասնելու նպատակով»: «Արտակարգ դրությունը գործիք էր պետական վարչակազմի ձեռքում մեկ մարդու՝ Էրդողանի ռեժիմը կենդանի պահելու, այլ ոչ թե գյուլենական ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար»,- նշված է Ժողովրդա-հանրապետական պատգամավորների կազմած զեկույցում:

Արձագանքելով ընդդիմադիրների զեկույցին, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշն ասել է, թե հիմնական ընդդիմադիր կուսակցության մեկնաբանություններն «աջակցություն են հեղաշրջման փորձի դավադիրներին»: Հունիսի 12-ին, կառավարության նիստից հետո, ըստ Hurriyet Daily News-ի, փոխվարչապետն ասել է․ ««Վերահսկելի հեղաշրջման փորձ» ձևակերպումն ամենամեծ աջակցությունն է պուտչիստներին: Մենք հույս ունենք, որ եթե դատական գործընթացների ավարտից հետո պարզվի, որ այնտեղ քաղաքական հետք կա, դա կբացահայտվի հանրության համար»: