Կոսովոյում այսօր խորհրդարանական ընտրություններ են

Հսկա քարոզչական պաստառներ Կոսովոյում

Կոսովոյում այսօր անցկացվում են վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ, որոնք կարող են վերջ դնել ամիսներ շարունակված քաղաքական անկայունությանը և ամրապնդել երկրի կողմնորոշումը դեպի եվրոպական ինտեգրացիա:

2008 թվականին Սերբիայից անկախություն հռչակելուց ի վեր Կոսովոյում երրորդ անգամ են խորհրդարանական ընտրություններ անցկացվում: Վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ Կոսովոյի խորհրդարանը անվստահություն հայտնեց վարչապետ Իսա Մուստաֆայի կառավարությանը:

Չնայած տարեկան մոտ 4 տոկոս տնտեսական աճին` 1,8 միլիոն բնակչություն ունեցող Կոսովոյում գործազրկության մակարդակը տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում և այն համարվում է Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկը, և աշխատատեղերի ստեղծումը նոր կառավարության առաջնային մարտահրավերներից մեկն է լինելու: Կառավարության այլ առաջնահերթությունների շարքում են երկրում սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ ավելի մեծ վերահսկողություն սահմանելու, պատերազմական հանցագործությունների հետանքննության և դատապարտման անկախ համակարգ ստեղծելու հարցերը:

Միևնույն ժամանակ, Կոսովոյում հատկապես մեծ հակասությունների պատճառ են դարձել 2015-ին ստորագրված երկու համաձայնագրերը Չեռնոգորիայի և Սերբիայի հետ սահմանների հաստատման մասին: Սերբիայի հետ համաձայնագիրը, մասնավորապես, ուժեղացնում է Կոսովոյի սերբ փոքրամասնության դիրքերը:

Այս խնդիրների հետևանքով երկրում բարեփոխումների գործընթացը փաստացի կանգ է առել և առաջացրել ընտրազանգվածի դժգոհությունը: