Եվրադատարանը Հայաստանին պարտավորեցրեց 15 հազար եվրո փոխհատուցում վճարել Սիլվարդ Այվազյանին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հերթական որոշումն է կայացրել ընդդեմ Հայաստանի՝ պարտավորեցնելու 15 հազար եվրո փոխհատուցում վճարել տուժողին: Խոսքը 2006 թվականին ոստիկանների կրակոցներից մահացած Սեյրան Այվազյանի գործին է վերաբերում։ Մահացած Այվազյանի քույրը՝ Սիլվարդ Այվազյանը, որը հանդիսանում է նաև տուժողի իրավահաջորդ, դիմել էր ՄԻԵԴ, պնդելով, որ նախաքննական մարմինը ապօրինի կերպով կարճել է քրեական գործը հանցակազմի բացակայության հիմքով:

Իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Թումանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ը որոշել է, որ նախաքննական մարմինը պատշաճ ու բազմակողմանի քննություն չի կատարել, պարզելու համար, արդյոք իրավաչափ էին ոստիկանների գործողությունները և այսպիսով խախտվել է կոնվենցիայի 2-րդ հոդվածը։

Ըստ փաստաբանի Սեյրան Այվազյանը հոգեկան առողջության խնդիրներ է ունեցել։ 2006թ մարտի 6-ին նա իր մոտ եղած դանակով Լոռու մարզի Օձուն գյուղում հարձակվել է նույն գյուղի երկու բնակիչների վրա, որից հետո թաքնվել իր տանը։ Ոստիկանության 6 աշխատակիցներ նրան վնասազերծելու նպատակով հարկադրաբար բացել են դուռը, ներս մտել։ Այզվազյանը, ըստ փաստաբանի, դանակի ետնամասով հարվածել է ոստիկաններից մեկին, ինչից հետո, 4 իրավապահներ 15 անգամ կրակել են նրա ուղղությամբ։ Ստացած մարմնական վնասվածքներից Սեյրան Այվազյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Մահացած Այվազյանի քույրը, սակայն, պնդում է, որ իրականում իր եղբայրը վտանգ չի ներկայացրել նրա վրա կրակած ոստիկանների կյանքին, և նրանք պարզապես սպանել են Սեյրան Այվազյանին ոստիկանին վիրավորելու համար:

Լոռու մարզի դատախազության քննիչ Ս.Մխիթարյանի 2006 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի չորս աշխատակիցների նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: