Մեծ յոթնյակի երկրների առաջնորդները Սիցիլիայի Տաորմինա քաղաքում համատեղ հայտարարություն են ընդունել, որում պատրաստակամություն են հայտնում ուժեղացնելու ահաբեկչության դեմ պայքարը և կրճատելու տարաձայնությունները առևտրի ոլորտում: Նրանց չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ կլիմայի փոփոխությունների խնդիրների առնչությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման հետ:
Գագաթնաժողովի մասնակիցները կոչ են արել Ինտերնետի մատակարարներին և սոցիալական ցանցերի կառավարիչներին թույլ չտալ ծայրահեղական նյութերի տարածում:
Երկօրյա գագաթնաժողովին մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ճապոնիայի առաջնորդները: Հանդիպմանը ներկա են նաև Եվրամիության ներկայացուցիչները:
Մեծ յոթնյակի առաջնորդները համերաշխություն են հայտնել բրիտանական Մանչեսթրում մայիսի 22-ին ավելի քան երկու տասնյակ մարդու կյանք խլած ահաբեկչության կապակցությամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, խոսելով ահաբեկչության դեմ պայքարի մասին, զգուշացրել է, որ ծայրահեղականները, կորցնելով իրենց դիրքերը մարտի դաշտում, մեծ ակտիվություն են դրսևորում համացանցում:
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենթիլիոնին հայտարարել է, որ երկօրյա հանդիպման մասնակիցները նվազեցրել են առևտրի հարցերով տարաձայնությունները և համատեղ արձանագրություն են կազմում, որը պատրաստ կլինի առաջիկա ժամերին: