Միջպետական ավտոճանապարհների փոսային նորոգման աշխատանքներն ավարտվել են. ՏԿՏՏՆ

Ավտոճանապարհի նորոգում Հայաստանում, արխիվ

Հայաստանի միջպետական նշանակության ավտոճանապարհներին ապրիլի սկզբին մեկնարկած փոսային նորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, բացառությամբ Դիլիջան- Վանաձոր ավտոճանապարհի մոտ 20 կիլոմետրանոց հատվածի, որտեղ անձրևառատ եղանակի պատճառով փոսային նորոգումը դեռ շարունակվում է և կավարտվի մինչև մայիսի 28-ը։ Այդ մասին հաղորդում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ խստաշունչ ու երկարատև ձմռան պատճառով այս տարի ճանապարհի պատվածքն առավել քայքայված էր։ Միայն միջպետական նշանակության ավտոճանապարհներին 2017 թվականին կատարվել է շուրջ 200 հազար քառակուսի մետր փոսային նորոգում, մինչդեռ անցած տարի միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին ընդհանուր առմամբ կատարվել է 110 հազար քառակուսի մետր նորոգում։

Ներկայումս ճանապարհաշինարարները շարունակում են գծանշումների թարմացման, ճանապարհային նշանների վերականգնման, կողնակների նորոգման աշխատանքները։

Ընթացքի մեջ են և մինչև հունիսի սկիզբը կավարտվեն նաև հանրապետական նշանակության ավտոճանապարհների փոսային նորոգումները, վստահեցնում է նախարարությունը: