Նոր գումարման ԱԺ-ի անդրանիկ նիստին «Ելք»-ը բոյկոտեց Սերժ Սարգսյանի ուղերձը

Կաթողիկոսը, ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը և նախագահ Սերժ Սարգսյանը նորընտիր ԱԺ-ի առաջին նիստում, 18-մայիսի, 2017 թ․

Ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը «ձևական ժողովրդավարության փայլուն օրինակ» գնահատեց Սերժ Սարգսյանի՝ ԱԺ-ում այսօր ունեցած ելույթը:

Այսօր տեղի ունեցավ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը՝ ազգությամբ քուրդ Կնյազ Հասանովը:

«Թույլ տվեք, որպես տարիքով ավագ պատգամավոր, Ազգային ժողովի վեցերորդ գումարման առաջին նստաշրջանը հայտարարել բացված»,- խորհրդարանի աշխատանքի բացումն ազդարարեց Հասանովը, ինչից հետո դահլիճում հնչեց Հայաստանի օրհներգը: Ապա, խորհրդարանի անդրանիկ նիստին իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ շնորհավորելով 105 նորընտիր պատգամավորներին։

Սերժ Սարգսյանի ավելի քան մեկ ժամ տևած ելույթից հետո պատգամավորները միասին երդվեցին՝ հանուն հայրենիքի զարգացման, բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները:

Երդման արարողությունից հետո Կնյազ Հասանովը ներկայացրեց խորհրդարան անցած 4 քաղաքական ուժերին՝ Հանրապետականին, «Ծառուկյան դաշինքին», Դաշնակցությանը և «Ելք» դաշինքին, հայտարարելով, որ ձևավորվում է համանուն 4 խմբակցություն: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, մինչև 2022 թվականը գործող կոալիցիոն հուշագիր ստորագրած Հանրապետականն ու Դաշնակցությունը համարվում են կառավարող, իսկ «Ելք»-ն ու «Ծառուկյան դաշինքը»՝ ընդդիմադիր:

Ապա, նիստը վարողը ծափերի ներքո հերթով ընթերցեց 105 պատգամավորների անունները: Նիստին, ի դեպ, բոլորը չէ, որ ներկա էին: «Ծառուկյան դաշինքից», օրինակ, բացակայում էին Իշխան Զաքարյանը, մանդատը վայր դրած, ապա հետ վերցրած Խաչիկ Մանուկյանը, Հանրապետականից՝ «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր՝ ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը և այլոք:

Նորընտիր խորհրդարանի առաջին իսկ քվեարկությունն ուղեկցվեց Հանրապետականի և «Ելք»-ի միջև ծագած վեճով: «Ելք»-ը, մասնավորապես, դեմ էր, որպեսզի հաշվիչ հանձնաժողովում Հանրապետականը 5 անդամ ունենա, իսկ իրենք 1: Նիստը վարող Կնյազ Հասանովը չէր կողմնորոշվում՝ ում նախագիծն առաջինը դնել քվեարկության, ում ձայն տալ՝ ընդդիմադիրների՞ն, թե հանրապետականներին: Էդուարդ Շարմազանովը տեղից փորձում էր ուղղորդել նիստը վարողին: «Հիմա դուք առաջինը դնում եք էն առաջարկը, որն ընթերցեցիք, դրանից հետո՝ պարոն Փաշինյանի առաջարկը»,- խորհուրդ տվեց Շարմազանովը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն այսօր բոյկոտեց ԱԺ առաջին նիստի մեկնարկային հատվածը: Խմբակցության 9 պատգամավորները նիստերի դահլիճ մտան նախագահ Սերժ Սարգսյանի և Կաթողիկոսի հեռանալուց հետո միայն: Ինչպես «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց «Ելք»-ի պատգամավոր Արամ Սարգսյանը, իրենք բոյկոտում էին Սերժ Սարգսյանին:

«Դա մեր վերաբերմունքն էր գործող իշխանությանը, որը Սահմանադրությամբ հանդիսանում է արդար ընտրությունների երաշխավորը, իսկ «Ելք» դաշինքն իր հայտարարություններում նշել է, որ թե՛ ուժային կառույցները, մասնավորապես, ոստիկանությունն իր գործելաոճով, չի արել ոչինչ՝ փողի տոտալ բաժանման, ընտրակաշառքի խնդիրներով, և թե՛ նախագահը, որպես ազատ ու անկախ ընտրությունների գարանտ, իր պարտականությունները չի կատարել: Հետևաբար, մենք մեր վերաբերմունքն ենք ցույց տվել գործող իշխանությանը: Դա ուղղված էր Սերժ Սարգսյանին»,- ասաց Արամ Սարգսյանը:

Գնահատելով Սերժ Սարգսյանի ելույթը, նա ասաց․ «Միատոն ելույթ էր, շաբլոն գրված նյութ, բոլոր առումներով: Չէի ասի, թե որևէ մեկն ինչ-որ առիթով կհիշի դա: Ավելին՝ պիտի ասեմ, որ էդ ելույթի որևէ կետ չի կատարվելու, ես այն կգնահատեմ՝ որպես ձևական ժողովրդավարության փայլուն օրինակ»: