Անկարան դարձյալ արգելել է «Բունդեսթագ»-ի պատգամավորների մուտքը «Ինջիրլիք»

Գերմանական Tornado տիպի ռազմական ինքնաթիռ՝ «Ինջիրլիք» ռազմակայանում, արխիվ

Կանցլեր Անգելա Մերկելը չի բացառել, որ գերմանացի զինծառայողները կարող են դուրս բերվել Թուրքիայում տեղակայված այդ ռազմաբազայից:

Անկարան դարձյալ Գերմանիայի խորհրդարանի պատգամավորներին չի թույլատրել՝ մուտք գործել Թուրքիայում տեղակայված «Ինջիրլիք» ավիաբազա, որտեղ ծառայում են գերմանացի զինվորականներ: Վերջիններս ընդգրկված են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող կոալիցիոն ուժերում:

Գերմանիայի արտգործնախարության մամուլի խոսնակն այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է, թե այդ արգելքն անցած հանգստյան օրերին Թուրքիայի իշխանությունները փոխանցել են Անկարայում Գերմանիայի դեսպանին: «Անընդունելի» գնահատելով Անկարայի հերթական մերժումը, նա նշել է, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը մտադիր է այս հարցը բարձրացանել այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք՝ կոալիցիայի հանդիպմանը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի փոխանցմամբ, Գերմանիայի ԱԳՆ խոսնակն ասել է նաև, որ պատգամավորների այցելության արգելքը կապ ունի Գերմանիայում թուրք զինվորականներին ապաստան տրամադրելու հետ: Խոսքն այն զինվորականների մասին է, որոնց Անկարան մեղադրում է երկրում ձախողված հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ:

Թուրք դիվանագետները, որոնց անունը չի նշվում, Daily Sabah-ի հետ զրույցում հաստատելով այս լուրը, ասել են, թե գերմանացի պատգամավորների այցելությունն «աննպատակահարմար է համարվել»: Սա առաջին անգամը չէ, երբ Անկարան Բեռլինի դեմ օգտագործում է ձեռքի տակ եղած հնարավոր բոլոր ներազդման միջոցները: Նույն խնդիրը ծագել էր նաև անցյալ տարի: «Բունդեսթագ»-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի ընդունումից հետո Անկարան երկար ժամանակ արգելում էր Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամների այցը «Ինջիրլիք»:

Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայված այս ավիաբազայում գերմանացի 260 զինվորականներ են ծառայում: Գերմանական DPA գործակալության հաղորդմամբ, Գերմանիայի դաշնային կառավարությունը մտադիր է քննարկել գերմանացի զինծառայողներին «Ինջիրլիք»-ից դուրս բերելու հարցը: Գերմանիայի պաշտպանության նախարարությունն արդեն ուսումնասիրել է տեղակայման այլընտրանքային տարբերակներ, որոնց թվում նշվում են Հորդանանի, Կիպրոսի և Քուվեյթի ռազմակայանները: Անկալվում է, որ համապատասխան որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին, նշում է DPA գործակալությունը:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչն այսօրվա ճեպազրույցում ասել է նաև, թե ներկայումս ուսումնասիրվում են գերմանական Tornado հետախուզական և վերալիցքավորող օդանավերը «Ինջիրլիք»-ից այլ երկիր տեղափոխելու հնարավորությունները:

Այսօր այս խնդրին անդրադարձել է նաև Գերմանիայի դաշնային կանցլերը: Անգելա Մերկելն մամլո ասուլիսում հայտարարել է՝ եթե Անկարան չթույլատրի իրենց պատգամավորների այցը Թուրքիայում տեղակայված ավիաբազա, ապա գերմանացի զինծառայողներն «Ինջիրլիք»-ից կարող են դուրս բերվել: «Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, Մերկելը, մասնավորապես, նշել է. «Մենք կշարունակենք բանակցել Թուրքիայի հետ, բայց, զուգահեռաբար, կփնտրենք նաև այլ ճանապարհներ՝ մեր մանդատն իրականացնելու համար: Դա նշանակում է՝ «Ինջիլիք»-ին այլընտրանք փնտրել, և դրանցից մեկը Հորդանանում տեղակայված բազան է»: