600 դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր․ ԱԱԾ

ԱԱԾ-ի հաղորդմամբ, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ենթադրյալ կաշառք ստանալու պահին, ձերբակալվել է ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Քրեական գործով անձին տուգանքի դատապարտելու համար դատավորը պահանջել և անձամբ ստացել է 600 ԱՄՆ դոլար գումար։ Գումարի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն»,- նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ։