Թուրքիան լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար․ Վիգեն Սարգսյան

Պաշտոնական Երևանը մտադիր չէ օտարերկրյա նոր, այդ թվում՝ ռուսական ռազմաբազա բացել երկրի տարածքում, «Ինտերֆաքս»-ին ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ներկա պահին Հայաստանում որևէ այլ երկրի ռազմակայան բացելու շուրջ քննարկում հաստատ չի ընթանում, մենք նաև նման հայտ չունենք ռուսական կողմից», - ասել է Վիգեն Սարգսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ հայկական կողմի համար շատ կարևոր է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը:

«Մենք սերտ շփումների մեջ ենք ռուս գործընկերների հետ այն արդիականացնելու, հնարավորություններն ընդլայնելու շուրջ, կան հստակ թեմաներ, ուղղություններ, որտեղ համատեղ աշխատանքի արդյունքում կարող են ի հայտ գալ համագործակցության նոր ձևաչափեր», - ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը՝ նշելով, որ խոսքը, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտի մասին է:

«Ռուսաստանը շատ է աջակցում Հայաստանի զինված ուժերի ամրապնդմանը, ներկայումս մենք համատեղ շատ ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչև ռազմական գործողությունների միացյալ ծրագրում», - ասել է Վիգեն Սարգսյանը:

Ավելի վաղ՝ անցած շաբաթավերջին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում ու ետխորհրդային մյուս երկրներում տեղակայված ռուսական զորամիավորումները, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է նաև Հայաստանը, պատրաստ են պայքարել նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

«Ցավոք, «Իսլամական պետությունը» հիմնավորվել է ոչ միայն Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայի հյուսիսում, այլև սկսել է ակտիվանալ Աֆղանստանում՝ հատկապես հյուսիսային շրջաններում, որոնք անմիջականորեն սահմանակից են մեր հարևաններին ու դաշնակիցներին», - ասել էր Ռուսաստանի արտգործնախարարը՝ ընդգծելով․ - «Քանի դեռ այդ վարակը չի ոչնչացվել, ՀԱՊԿ համատեղ զորամիավորումները մշտական պատրաստվածության վիճակում են»:

Վիգեն Սարգսյանն իր հերթին, «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում նշել է, թե Հայաստանը մտադիր է ոչ միայն շարունակել մարդասիրական օգնությունը Սիրիային, այլև ծրագրում է տեղում մասնակցել ականազերծման աշխատանքներին:

«Մեր երկրների նախագահների հանձնարարությամբ մենք քննարկում ենք հայ սակրավորների մասնակցության հնարավորությունը Սիրիայում Ռուսաստանի կողմից իրականացվող ականազերծման աշխատանքներին», - ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում Վիգեն Սարգսյանը նաև հորդորել է Կրեմլին անվերապահորեն չընդունել Անկարայի հետ ջերմացող հարաբերությունները՝ պնդելով՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իրականում լուրջ սպառնալիքներ է ստեղծում Մոսկվայի համար Ռուսաստանի հարավային ճակատում:

«Երբ մենք խոսում ենք տարածաշրջանի երկրների և ՆԱՏՕ-ի անդամների միջև փոխգործակցության ու այլ հարցերի մասին, պետք է փաստենք, որ այդ դաշինքից մեր տարածաշրջանում ամենաշատը ներկայացված երկիրը Թուրքիան է, որը բացահայտ և անմիջապես Ռուսաստանի սահմանների մոտ՝ Ադրբեջանում, շատ ակտիվ ռազմաքաղաքական գործունեություն է ծավալում», - ասել է Վիգեն Սարգսյանը հավելելով,- «Ես հասկանում եմ, որ հիմա Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկխոսության շատ դրական փուլ է, սակայն, այդուամենայնիվ, չէի անտեսի նման լուրջ վտանգը»:

Փաստելով, որ ղարաբաղյան խնդրում իրավիճակը շարունակում է մնալ անկայուն, Սարգսյանն ընդգծել է․ - «Թուրքիան բացասական դեր է խաղում նաև այս հարցում՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանին սպառազինության ու տեխնոլոգիաների մատակարարման, հրահանգիչների ուղարկման և շատ այլ առումներով, ինչը զգալիորեն փոխում է դինամիկան տարածաշրջանում»:

«Սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում, այդ թվում՝ Ռուսաստանի հարավային ճակատում՝ Դաղստանի սահմանների մոտ»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում:

Սարգսյանը նաև պնդել է՝ Ղարաբաղը, թեկուզև չճանաչված, բայց երկիր է, այլ ոչ հակամարտություն, և մինչև տեղի չունենա այդ փաստի լիակատար գիտակցում, կարգավորում չի լինի:

«Հայաստանը համոզված է, որ խնդիրը ռազմական լուծում չունի, և մենք հուսով ենք, որ դա հասկանում են նաև Բաքվում որոշում կայացնողները: Հուսով ենք, որ նրանք գիտակցում են, որ շատ հեշտ է տարածաշրջանում բացել դռները քաոսի, իսկապես լայնամասշտաբ ռազմական գործողությունների և լարվածության համար, այդ ամենը կանգնեցնելը՝ շատ դժվար: Դա անկասկած կամրապնդի տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դերը, կավելանա նաև արտաքին խաղացողների դերակատարությունը, որոնք կսկսեն դրանից օգտվել»,- ասել է Հայաստանի պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինությանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է. - «Հայաստանում հասարակությունն ուշիուշով հետևում է այս հարցին, հատկապես երբ ռուսական զենքի մատակարարումը տեղի է ունենում հակամարտության սրման պահերին: Մենք Ռուսաստանի հետ իսկապես դաշնակիցներ ենք, այդ մասին բոլորը գիտեն, և եթե ռուսական զենքը հավասարակշռության խախտման արդյունքում դառնա հակամարտության մեջ ռիսկի գործոն, ապա դա, կարծում եմ, առաջին հերթին դեմ կլինի հենց Ռուսաստանի շահերին»: