«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կրկին քննադատում է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տեղակալն ու կինը՝ Մեհրիբան Ալիևան, արխիվ

Աշխարհում մամուլի ազատության խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր կառույցներից մեկը` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը, կրկին կոշտ քննադատություն է հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին:

Կազմակերպությունը պաշտոնական Բաքվին քննադատող հերթական հայտարությունը տարածեց երեկ` մայիսի 3-ին, որն աշխարհում նշվում է որպես Մամուլի ազատության միջազգային օր:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարության հրապարակման առիթն ադրբեջանական ամենաազդեցիկ ընդդիմադիր կայքերի արգելափակումն է, որը շարունակվում է արդեն հինգ շաբաթ:

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, «Մեյդան TV», «Ազադլըղ» թերթի, ինչպես նաև Azerbaijan Saati և «Թուրան TV» կայքերի արգելափակումը Ադրբեջանի տարածքում մեկնարկել է մարտի 27-ին:

Դիմելով այս քայլին` Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը մատնանշում է վերջերս հաստատված օրենսդրական լրացումները, որոնք հնարավորություն են տալիս պետական մարմիններին դիմել կայքերի «կանխարգելիչ արգելափակման», եթե դրանք «վտանգ են ներկայացնում պետության և հասարակության համար»:

Այժմ արդեն ադրբեջանական իշխանությունները փորձում են դատական կարգով ամրագրել ընդդիմադիր կայքերի արգելափակումը երկրի տարածքում` դիմելով Բաքվի Սաբաիլի շրջանային դատարան:

«Արգելափակելով առաջատար հինգ լրատվական կայքերը` Իլհամ Ալիևի կառավարությունը վերացնում է Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վերջին նշույլները», - հայտարարում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ջոն Բիրնը:

«Իշխանության քննադատների հետապնդումները շարունակվում են թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս` հասնելով անգամ տարագրության մեջ գտնվող ընդդիմադիրներին», - նշում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությանը ներկայացուցիչները՝ ընդգծելով. - «Միջազգային հանրությունը պետք է վերջ տա ադրբեջանական կառավարության անպատժելիությանը` պատասխանատվության ենթարկելով պաշտոնական Բաքվին Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի և ՄԱԿ-ի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին համաձայնագրի դրույթները շարունակաբար խախտելու համար»:

«Համացանցում գրաքննություն հաստատմամբ, ադրբեջանական մամուլը հայտնվում է Իլհամ Ալիևի լիակատար վերահսկողության ներքո», - պնդում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները` նշելով, որ ադրբեջանցի լրագրողների դեմ ճնշումները շարունակվել են նաև այն պահին, երբ գրվում էր իրենց հայտարարության տեքստը:

«Այս հայտարարության հրապարակումից մեկ օր առաջ Բաքվում 30-օրյա կալանքի է դատապարտվել «Կանալ13» առցանց հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջովը», - նշում են կազմակերպության ներկայացուցիչները: