Կոմկուսի շքերթն անցավ «Ինչու՞ գողացաք մեր քվեները» կարգախոսի տակ

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնական տվյալներով անգամ մեկ տոկոս ձայն չստացած կոմունիստները մայիսմեկյան շքերթի էին դուրս եկել «Ինչու՞ գողացաք մեր քվեները» մեծ պաստառով: Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը չի հավատում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թվերին․ 20 հազար գրանցված կուսակցական ունեն, ինչպե՞ս 12 հազար ձայն ստացան:

«Հայաստանի յուրաքանչյուր 2-3րդ բնակիչը կուսակցության համակիրն է: Եթե դուք նայեք հիմա փողոցում մարդկանց դեմքերին, տեսնեք, թե ինչպիսի ժպիտով են մեզ ընդունում: Մեր հնարավորությունը և այն ձայները, որ մեզ հայտնեցին, բացարձակ իրար չեն համապատասխանում», - ասում է Սարգսյանը:

Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարն ասում է՝ ապրիլի 2-ին հաղթել է փողը, ընտրակաշառքը, հակառակ դեպքում անկախ Հայաստանի խորհրդարանում կոմունիստները տեղ կունենային․ - «Զարմանալի էր ժողովրդի վերաբերմունքը: Մեկ օրվա, երկու օրվա հացի խնդիրը փոխեցին իրենց երեխաների, թոռների, ազգի ապագայի հետ: Բայց դա բացարձակ մեզ չընկճեց, ընդհակառակը՝ տեսնում եք, որ մենք հաջորդ՝ 22 թվականի նախընտրական քարոզարշավն արդեն սկսել ենք՝ բարձր տրամադրվածությամբ»:

Ընտրություններին Կոմունիստների ցուցակում էին Առաջադիմական կոմկուսի անդամները: Նրանք մասնակցեցին նաև մայիսմեկյան շքերթին:

Չնայած շքերթին՝ շարքային կոմունիստների տրամադրությունն այնքան էլ տոնական չէ․ ընտրություններով բան չփոխվեց, էլի չնչին թոշակով են ապրելու:

«Մենք հարյուր տոկոս համոզված ենք, որ գողացել են մեր քվեները», - պնդեց ցուցարարներից մեկը: Մյուսն էլ դժգոհեց՝ «Հանրապետական կուսակցությունը բերեց փող բաժանեց: Ես ասացի՝ կոմունիստ եմ, ինձ 10,000 դրամ չտվեց, թեև միայնակ, ծեր, անժառանգ թոշակառու եմ: Ասաց՝ եթե Կոմունիստական կուսակցություն ես, դրամ չես ստանա: Ու չտվեց: Վստահված անձ էի ես, լրիվ խախտում էր, խարդախությունով անցան: Անհրամար չէ՞ր՝ ինձ փող չտվեց»: