Զեմանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը չի փոխի

Չեխիայի նախագահ Միլոշ Զեման, արխիվ

Պաշտոնական Անկարայի դժգոհությունը միանգամայն սպասելի էր, սակայն Չեխիայի նախագահը բնավ մտադիր չէ վերանայել իր տեսակետը Հայոց ցեղասպանության հարցում: Այդ մասին այսօր հայտարարել է Միլոշ Զեմանի մամուլի քարտուղար Իրժի Օվչաչեկը:

Թուրքիայի արտգործնախարարությունը, հիշեցնենք, պաշտոնապես հիասթափություն է արտահայտել Չեխիայի հայ համայնքին նախագահ Զեմանի հասցեագրած նամակի կապակցությամբ, որով նա վերահաստատել է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու դիրքորոշումը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն իր դժգոհությունն է հայտնել Անկարայում Չեխիայի դեսպանին: