Ռուսաստանը պնդում է, որ զորքերի տեղաշարժերը կապ չունեն Կորեական թերակղզում լարվածության աճի հետ

Ռուսական զորքերի տեղաշարժը Հյուսիսային Կորեայի սահմանամերձ շրջանում, արտապատկերում YouTube-ից

Ռուսական զորքերի տեղաշարժերը Հյուսիսային Կորեայի սահմանի մոտ նախապես պլանավորված զորավարժությունների մաս են կազմում և կապ չունեն Կորեական թերակղզում լարվածության աճի հետ, ապրիլի 21-ին հայտարարել է Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի խոսնակ Ալեքսանդր Գորդեևը։

«Այդ զորավարժությունները որևէ կապ չունեն քաղաքականության հետ», - «Ինտերֆաքսի» հետ զրույցում հավելել է Ռուսաստանի ԶՈՒ ներկայացուցիչը՝ նշելով, որ զորավարժությունները սկսվել են ապրիլի 3-ին և կավարտվեն ապրիլի 29-ին։

Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել էր մեկնաբանել զորավարժությունների մասին մամուլի հրապարակումները և տեսանյութերը, որոնցում երևումն են Հյուսիսային Կորեային սահմանակից Պրիմորյեի երկրամաս տեղափոխվող բազմաթիվ տանկեր և հրթիռային համակարգեր։