Եվրոպական հեռարձակողների միություն․ Ռուսաստանը չի մասնակցի Կիևի «Եվրատեսիլ»-ին

«Եվրատեսիլ 2017»-ի լոգոն

Ռուսաստանը չի մասնակցի Կիևում կայանալիք «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթին: Այս մասին պաշտոնապես հայտարարում է Եվրոպական հեռարձակողների միությունը:

Ռուսաստանը ներկայացնելու էր երգչուհի Յուլյա Սամոյլովան, սակայն մարտի 22-ին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը երեք տարով արգելել է նրա մուտքը երկիր, քանի որ երգչուհին 2015-ին համերգով հանդես է եկել բռնազավթված Ղրիմում՝ այդպիսով խախտելով ուկրաինական օրենքը:

Եվրոպական հեռարձակողների միությունը Ռուսաստանին երկու տարբերակ է առաջարկել՝ Յուլյա Սամոյլովան մասնակցի հեռակա կարգով, կամ փոխարինել նրան:

Ռուսական Առաջին ալիքը մերժել է առաջարկները, ինչպես նաև հրաժարվել է Ռուսաստանում հեռարձակել «Եվրատեսիլ 2017»-ի մրցույթը:

Սա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին, ասված է Եվրոպական հեռարձակողների միության հայտարարությունում: