Ռուսական լրատվամիջոցները՝ Հայաստանի ընտրությունների մասին

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում, 2-ը ապրիլի, 2017թ․

«Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են» վերնագրով հոդվածներ ու ռեպորտաժներ այսօր առավոտից հրապարակել են ռուսական գրեթե բոլոր լրատվամիջոցները, այդ թվում նաև՝ Ռուսաստանի դաշնային Առաջին ալիքը։

«Առաջին արդյունքները հայտնի կլինեն արդեն վաղը։ Այս ընտրությունները հատուկ նշանակություն ունեն Հայաստանի համար, քանի որ առաջինն են սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնց արդյունքում Հայաստանը դարձել է խորհրդարանական հանրապետություն։ Իշխանությունը երկրում փաստացի անցնելու է Ազգային ժողովին և խորհրդարանական մեծամասնությանը», - հաղորդում է Առաջին ալիքը:

BBC-ի ռուսական ծառայությունը նույնպես անդրադարձել է ընտրություններին։ «Ընտրությունները Հայաստանում, նոր խորհրդարան՝ նոր Սահմանադրություն» վերնագրով հոդվածում հեղինակը գրում է, որ դիտորդներից շատերի կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումները իրականացվել են ոչ թե երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար, այլ գործող նախագահի լիազորությունները երկարաձգելու նպատակով, թեև ինքը Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու մտադրության մասին չի բարձրաձայնել։

BBC-ն նաև արձանագրում է, որ ԵԱՀԿ դիտորդների միջանկյալ զեկույցի համաձայն՝ նախընտրական փուլում արձանագրվել են 130 խախտումներ, այդ թվում նաև՝ ընտրակաշառքի հետ կապված։ BBC-ն նկատում է, որ շատերը խուսափում են հայտնել խախտումների մասին, քանի որ չեն վստահում իշխանական կառույցներին։

Ռուսաստանյան «Նովստի» լրատվական գործակալությունը «Ընտրությունները Հայաստանում՝ նոր խորհրդարան խորհրդարանական հանրապետությունում» ծավալուն հոդվածում ներկայացնում է ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը։ Անդրադառնալով, օրինակ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին, լրատվամիջոցը գրում է, որ դատելով առաջնորդների հայտարարություններից՝ սա ամենավճռական տրամադրված քաղաքական ուժն է և միակն է, որը հայտարարում է, որ կլինեն փողոցային բողոքի ակցիաներ։ Իսկ հիմնական պայքարը ընտրություններում հանրապետականների և «Ծառուկյան» դաշինքի միջև է, ասված է հրապարակման մեջ: