Կայացել է «ՆԱՏՕ - Ռուսաստան» խորհրդի առաջին նիստը ընթացիկ տարում

«Երկար ու կառուցողական հանդիպում էր, «ՆԱՏՕ - Ռուսաստան» խորհրդի առաջին նիստն էր: Մենք շարունակում են հստակեցնել մեր մոտեցումները ուկրաինական ճգնաժամի շուրջ ունեցած տարաձայնություններում», - հավելել է Սթոլթենբերգը:

Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնական գրասենյակում անցկացված նիստն առաջինն էր 2017 թվականին:

Այս ձևաչափով անցած տարի միայն երեք հանդիպում էր կայացել, մինչդեռ Ղրիմի անեքսիայից առաջ նիստերը գումարվում էին ամիսը մի քանի անգամ:

Թերակղզու անեքսիայից հետո ՆԱՏՕ-ն կասեցրել է գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական շփումները պահպանվել են՝ նաև վերոնշյալ ձևաչափով հանդիպումների շնորհիվ:

Այսօրվա նիստն առանձնահատուկ ոչ միայն այն պատճառով, որ առաջինն է 2017-ին․ նիստը նախորդում է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ վաղը կայանալիք հանդիպմանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ:

Դեսպաններին մակարդակով «ՆԱՏՕ - Ռուսաստան» խորհրդի նիստի օրակարգում են տեղ են գտել ուկրաինական ճգնաժամի, Աֆղանստանում ստեղծված իրավիճակը և Եվրոպայում ռազմական ռիսկերի քննարկումները:

Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ մտադիր է քննարկել նաև իր սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ուժերի ծավալման հարցը: Ինչպես նշել էր ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը, Հյուսիսատլանտյան դաշինքը զինվորական ստորաբաժանումներ և ծանր սպառազինություն է տեղակայել Լեհաստանում, Բալթյան երկրներում և Հարավարևելյան Եվրոպայում:

Մոսկվային հավանաբար դուր չի գա նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի վերջին հայտարարությունը առաջիկայում Մոլդովայում դաշինքի տեղեկատվական գրասենյակը բացելու մասին:

«Մոլդովային իշխանությունները դիմել են մեզ, և մենք մտադիր ենք նման գրասենյակ բացել Քշնևում: Դա լինելու է փոքրիկ դիվանագիտական առաքելություն, որում ներգրավված են լինելու միայն քաղաքացիական աշխատակիցներ», - նշել էր Սթոլթենբերգը Մոլդովայի վարչապետի Պավել Ֆիլիպի հետ համատեղ ասուլիսում:

Մոլդովայի վերջերս ընտրված ռուսամետ նախագահ Իգոր Դոդինը շտապել է հայտարարել, որ դեմ է նման կենտրոնի բացմանը և, որպես երկրի ղեկավար ու Զինված ուժերի գլխավոր հրամանատար, կանի հնարավորը, որպեսզի փակի այդ կենտրոնը:

ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև տարաձայնությունները խորացել են Ուկրաինայի արևելքում սկսված ռազմական գործողություններից հետո: ՆԱՏՕ-ն նաև պարբերաբար մտահոգություն է հայտնում վերջին տարիներին Ռուսաստանի արևմտյան շրջաններում ավելի հաճախ անցկացվող զինավարժությունների առնչությամբ:

Իր հերթին Մոսկվան տարակուսանք է հայտնում, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները ավելի ու ավելի հաճախ են խոսում «ռուսական ագրեսիայի» մասին, թեև պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ մտադիր չէ հարձակվել դաշինքի անդամ որևէ երկրի վրա։