Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով զեկուցողին

ՀՀ ԱԳՆ շենքը, արխիվ

Այսօր Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԽԽՎ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների միջև հակամարտությունների ենթակոմիտեի նախագահ, Ադրբեջանի պարտավորությունների կատարման հարցով զեկուցող Շտեֆան Շենախին:

ԱԳՆ կայքէջի փոխանցմամբ, Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը և ընդգծել, որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, շարունակաբար մերժում է համանախագահ երկրների կողմից բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված առաջարկները, հրաժարվում է կյանքի կոչել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման վերաբերյալ:

«Նախարար Նալբանդյանը շեշտեց, որ հիմնահարցի կարգավորումն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, որը հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող կառույցն է:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ քննարկումները այլ ձևաչափեր, այլ հարթակներ տեղափոխելու, տարբեր կառույցներում իրականությունը խեղաթյուրող բանաձևեր նախաձեռնելու, կարգավորման ձևաչափին զուգահեռ մեխանիզմներ ստեղծելու փորձերը վնասում են հանգուցալուծմանը հասնելու համանախագահների ջանքերը, ինչի մասին տարբեր առիթներով զգուշացրել են հենց համանախագահները. այս զգուշացումը ԵԽԽՎ-ում նույնպես պետք է լրջորեն հաշվի առնվի»,- նշված է հաղորդագրության մեջ։