ԼՂ հարակից շրջանների հանձնումն ավելի կթուլացնի ապրիլյան պատերազմից թուլացած հայկական ուժերի դիրքերը․ Ռուս փորձագետ

ԼՂ ՊԲ հրետանավորը շփման գծի մերձակա դիրքում, արխիվ

«Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններն ուղղված են ներքին լսարանին՝ ընտրողների ձայները ստանալու համար և իրականությանը չեն համապատասխանում»: «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական հարցերով ռուսաստանցի փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Նրա խոսքով, Ադրբեջանն այսօր ոչ միայն պատրաստ չէ որևէ փոխզիջման, այլ ավելի է կոշտացրել է իր դիրքորոշումը։

«Որպես ռազմական փորձագետ, ես համարում եմ, որ Ղարաբաղի հարակից շրջանների հանձնումն ավելի կթուլացնի ապրիլյան պատերազմի հետևանքով թուլացած հայկական ուժերի դիրքերը։ Համոզված եմ, որ վերջին օրերի համեմատական հանդարտությունը սահմանին հանդարտություն է փոթորկից առաջ, և ռազմական գործողությունների վերսկսումն անխուսափելի է: Կողմերը պատրաստվում են պատերազմի»,- ասաց ռուսաստանցի փորձագետը: Ինչ վերաբերում է փոխզիջումներին կամ զիջումներին, Եվսեևի կարծիքով, դրանց, նախևառաջ, պետք է պատրաստ լինի Ղարաբաղի բնակչությունը:

Մարտի 21-ին Հայաստանի առաջին նախագահ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր, որ ԼՂ խնդրով բանակցային գործընթացում նախաձեռնությունն անցել է Ռուսաստանին: Տեր-Պետրոսյանը նշել էր նաև, որ առաջիկայում խնդիրը հնարավոր է կարգավորել, և որ Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս շուտ ընդունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ծրագիրը, ինչը ենթադրում է առաջին փուլում յոթ շրջանների վերադարձ՝ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակ արձանագրման։

Հայաստանում նախընտրական շրջանում ղարաբաղյան խնդիրը դարձել է ներքաղաքական պայքարում քննարկվող հիմնական թեմաներից մեկը: Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը դա տրամաբանական է համարում։ «Ապրիլյան ռազմական գործողություններն արտացոլվել են Հայաստանի ներքաղաքական դաշտում։ Հակամարտության կարգավորումը դարձել է քննարկման առարկա ընտրություններին մասնակցող ուժերի համար նաև այն պատճառով, որ մինչ ապրիլ ներքաղաքական դաշտում այս հարցում գոյություն ուներ կոնսենսուս։ Լևոն Տեր-Պետրոսյանի մարտի 21-ի հարցարզրույցն այս առումով խորհրդարանական ընտրություններին 7 տոկոս հավաքելու հայտ էր»,- կարծիք հայտնեց Իսկանդարյանը:

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում Մոսկվայի «առանցքային դերակատարությանը», Իսկանդարյանը ևս դա տրամաբանական է համարում, նկատելով՝ «Այսօր իսկապես Ռուսաստանն է ակտիվ աշխատում ղարաբաղյան կարգավորման շուրջ, միայն թե սա ամենևին էլ չի նշանակում, որ արդեն առաջիկայում բանակցային գործընթացում կլինի առաջխաղացում»։ Քաղաքագետը համաձայն չէ նաև Տեր-Պետրոսյանի այն մտքին, թե Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են փոխզիջումների։

Հայաստանյան հասարակության մի հատվածում այդ հարցազրույցից տպավորություն է ստեղծվել, թե Տեր-Պետրոսյանի հայտարարությունները տեղավորվում են բնակչությանը խաղաղության նախապատրաստելու տրամաբանության մեջ: «Սակայն, Ադրբեջանում նման զուգահեռ գործընթացներ չեն արձանագրվել»,- ասում է Իսկանդարյանն ու շարունակում․ «Ադրբեջանի իշխանությունները, գոնե այսօր, չեն ստորագրի ռեֆերենդումի մասին կետ պարունակող որևէ փաստաթուղթ, քանի որ դա կնշանակի՝ հրապարակավ հրաժարվել Ղարաբաղից»:

Վերջինս նաև համարում է, որ հակառակ առաջին նախագահի պնդումներին, թե Իլհամ Ալիևը ռացիոնալ քաղաքական գործիչ է, ու Բաքուն պատրաստ է գնալ փոխզիջումների, Ադրբեջանի իշխանությունները նման քայլի գնալու որևէ հնարավորություն չունեն, «դա նրանց պետք էլ չէ»։

Ռուսաստանցի մեկ այլ փորձագետ՝ Նիկոլայ Զլոբինի կարծիքով ևս կարգավորման գործընթացում շուտափույթ առաջխաղացում չի ակնկալվում: «Ռուսաստանը ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման դեպքում նորից քաղաքական միջամտություն կցուցաբերի և կանի հնարավորը՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար, քանի որ Մոսկվային պետք չեն ռազմական գործողություններ հետխորհրդային տարածքում»,- «Ազատությանն» ասաց Զլոբինը: Նրա ընդգծմամբ, Ռուսաստանի միջամտությունը «միայն քաղաքական է լինելու»։