ՔԿ․ ՊՆ զորամասից վառելիքի յուրացման գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում՝ հրամանատարին

Հայաստանի քննչական կոմիտեի շենքը Երևանում

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված N զորամասից վառելիքի հափշտակությունը։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին:

«Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2016թ. մայիս-օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ N զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները», - ասված է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում՝ զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին և այլոց։

Մասնավորապես, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, «զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ. Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,
զորամասի պահեստարանի պետ Ա. Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, զորամասի ուսումնական մասի դասախոս Լ. Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, անհատ ձեռներեց Մ. Գալստյանին, վարորդին և իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով»։

Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: