Սաֆարյան․ «Լավ ապագա ենք տալիս, հետը մի 5000 էլ փո՞ղ տանք»

Ստյոպա Սաֆարյանը քարոզում է Ավան վարչական շրջանում, 22-ը մարտի, 2017 թ․

«Ազատ դեմոկրատներն» այսօր քարոզարշավ իրականացրին Ավան վարչական շրջանի փողոցներում ու բակերում։

Կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները բնակիչներին հավաստիացնում էին, թե փոփոխություններ անելու համար են Ազգային ժողով ցանկանում գնալ։ Անցորդները դժվարությամբ էին զրույցի բռնվում, մի կին էլ ասաց՝ դատարկ թուղթը տալիս եք ի՞նչ անեմ։ «Էլ ի՞նչ ես ուզում տանք, լավ ապագա ենք տալիս, ուզում ես լավ ապագայի հետ մի 5 հազար էլ փո՞ղ տանք»,- կնոջ խոսքին այսպես հակադարձեց ԱԴ նախընտրական ցուցակում ընդգրկված Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով, նախորդ ընտրությունների ժամանակ այս տարածքում ինքը բավական քվեներ է ստացել ու հիմա էլ նույն արդյունքն է ակնկալում։ Հարցին՝ արդյո՞ք կուսակցության փոփոխությունն ընտրողների ձայների վրա չի ազդի, պատասխանեց, թե «Ժառանգությունից» «Ազատ դեմոկրատներ» գալով, քաղաքական գիծ չի փոխել։

«Մենք և՛ «Ժառանգության» կազմում էինք կողմ Արցախի միջազգային ու Հայաստանի կողմից ճանաչմանը, այս պահին էլ կողմ ենք: Նախկինում էլ կողմ էինք երկրի եվրոպական հեռանկարին, այժմ էլ, իմ գործընկերների հետ միասին, կողմ ենք: Նախկինում էլ կողմ էինք լյուստրացիային, այժմ էլ կողմ ենք: Նախկինում էլ կողմ էինք ազատական արժեքներին, այժմ էլ դավանում ենք: Նախկինում էլ դեմ էինք ԵՏՄ-ին, այժմ էլ դեմ ենք և պահանջում ենք դուրս գալ»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ նախկինում այս տարածքում ընտրարշավ անելը դժվար էր, քանի որ «Այս թաղն իմն է» խոսքերով հաճախ իրենց փորձում էին դուրս անել տարածքից։ Հիմա մրցակիցներն ավելի քաղաքակիրթ ձևով են իրենց դրսևորում: «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միհրան Պողոսյանն ասում է, որ մրցակիցների դեմ պայքարում է իր խելքով և թիմով, դուք ինչպե՞ս եք պայքարում»,- այս հարցին, Սաֆարյանը պատասխանեց․ «Իմ ընտրողի հետ շփումներում ազնիվ եմ, կաշառվել չեմ առաջարկում, չեմ ասում, որ գալիս եմ կոռուպցիայի դեմ պայքարելու, բայց սկսում իմ ընտրարշավը կոռուպցիայից»: