Երեկ դանակահարված քուչակցի Արամ Ասատրյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

«Ծառուկյան» դաշինքից «Ազատությանը» փոխանցեցին, որ կատարվածի պատճառն ընտրություններն են:

Արագածոտնի մարզի շուրջ 10 գյուղ ընդգրկող՝ «Ծառուկյան դաշինքի» շտաբի ղեկավար Արամ Ասատրյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Քուչակցի երիտասարդը երեկ երեկոյան հիվանդանոց էր տեղափոխվել մեջքի հատվածում դանակից ստացած վիրավորումներով։ Բուժող բժիշկ Հայկ Անտոնյանի խոսքով՝ Ասատրյանի երիկամը հեռացնելու ռիսկեր դեռ կան։

«Իմ երեխան բարձրագույնավարտ, աշխատող երեխա է, խելացի, ես չգիտեմ, թե ինչ վիճակի մեջ ընկավ, ինչի սենց եղավ․․․»,- ասաց Ասատրյանի մայրը: Քուչակի հանրապետական գյուղապետ Հովիկ Ամիրյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ դանակահարողը հարևան Արամի գյուղից է:

Իրենց գյուղում էլ, ըստ նրա, ընտրությունները միշտ խաղաղ են անցել: «Շուտափույթ քաղաքական երանգներ տալ իմաստ չունի, որովհետև ես չէի գտնում, որ մեր համայնքի բնակիչը հարևան բնակչի հետ ինչ՞ խնդիր ունի, որ․․․մեր ընտրություններն ընդհանրապես կապ չունի իրենց ընտրության հետ»,- ասաց գյուղապետը:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության հատկանիշով։ Ըստ կոմիտեի՝ դեպքը տեղի է ունեցել չնչին հարցերի շուրջ առաջացած վիճաբանության հետևանքով։

Երկու անձ մարմնական վնասվածք է ստացել բութ գործիքով, ևս երկուսը՝ կտրող-ծակող առարկայով հասցված հարվածների հետևանքով։ Քննչական կոմիտեն առայժմ չի հայտնում միջադեպի մյուս մասնակիցների անունները՝ նշելով, որ իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները͵ մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։

«Ծառուկյան դաշինքից», մինչդեռ, «Ազատությանը» փոխանցեցին, որ կատարվածի պատճառն ընտրություններն են: