Ջրառատում զենքի գործադրմամբ միջադեպից մեկ օր անց դեռ քրեական գործ հարուցված չէ

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի բարեկամների և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև ատրճանակի գործադրմամբ երեկ տեղի ունեցած միջադեպից մեկ օր անց դեռ քրեական գործ հարուցված չէ:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վիճաբանության ժամանակ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանն իր ատրճանակով օդ է կրակել: Աղվան Հովսեփյանի գլխավորած կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ Լեռնիկ Երանոսյանը երեկվա միջադեպից հետո գլխի, որովայնի, կրծքավանդակի վերին վերջույթների սալջարդերով դիմել է բժշկի ու հայտարարել, որ իրեն ծեծի են ենթարկել Ջրառատ գյուղում:

Նույն օրը կեսօրին Երանոսյանի հայրենի գյուղում հանրահավաք էր անցկացրել Սեյրան Օհանյանի դաշինքը: Պաշտպանության նախկին նախարարն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ փորձ է արվել իր համակիրների վրա ճնշում գործադրել:

«Բուն միջադեպի պատճառը մեր հանրահավաքում գտնվող մարդկանց թույլ չտալն է, որ մասնակցել և հայհոյանք տալն է: Իսկ հայհոյանք տվողին Հայաստանում ի՞նչ են անում՝ պատժում են», - պատմեց Օհանյանը: - «Կռվից հետո փորձել են զենք կիրառել, բայց իմ թիմակիցների հմուտ գործողություններով այդ զենքը ձեռքից վերցվել է, հանձնվել իրավապահ մարմիններին», - նշեց նախկին նախարարը:

Ոստիկանությունը երեկ բերման ենթարկեց և մինչև ուշ գիշեր բաժնում պահեց «Օհանյան-Րաֆֆ-Օսկանյան» դաշինքի ջրառատցի համակիրներին: Լեռնիկ Երանոսյանը, Քննչական կոմիտեի փոխանցմամբ, հաղորդում և բացատրություն է տվել: Նա, հիշեցնենք, հուլիսին Սարի թաղում ոստիկանության գործողությունից հետո հեռացվեց իրավապահ համակարգից: Երեկ գիշեր Ջրառատ գյուղ է գնացել նաև Սեյրան Օհանյանը:

«Հիմա իրավապահ մարմինները օրենքի շրջանակներում աշխատում են: Իրենց ես խնդրել եմ և հորդորել, որ այդպես չի կարելի, երբ տեղի է ունենում միջադեպ և միայն մեկ կողմի մարդկանց են ձերբակալում: Ասել եմ՝ հավասարաչափ բոլորին կտանեք, թե չէ մենք այլ միջոցների կդիմենք», - պատմեց Սեյրան Օհանյանը:

Էջմիածնի հարակից Ջրառատ գյուղում այսօր տեղացիները միաբերան պնդում էին, որ ոչինչ չեն տեսել, կրակոցի ձայն չեն լսել:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հայտարարում է, որ գյուղապետ, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի քրոջ որդի, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Սամվել Գալստյանն է հրահրել միջադեպը: Մեր այցելության պահին նա գյուղում չէր, աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Նարինե Առաքելյանը նույնպես պնդում էր, որ տեղյակ չէ, թե ինչ է տեղի ունեցել:

Սեյրան Օհանյանն այս վիճաբանության հեղինակներին հորդորեց քարոզարշավը չտեղափոխել բակային ասֆալտի մակարդակի․- «Քաղաքակիրթ ձևով վերջ տալ դրան, հավատալ, որ ընտրությունների միջոցով կարելի է հասնել փոփոխությունների»:

Ի դեպ՝ Քննչական կոմիտեի հաղորդմամբ վնասվածք է ստացել նաև Միքայել Բաբոյանը, առայժմ հայտնի չէ՝ արդյոք նա ընդդիմադիրների համակիրներից է: