Կալինինգրադում «Իսկանդեր»-ի տեղակայման որոշումը նահանջ է եվրոպական անվտանգության համար. Զիգմար Գաբրիել

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

«Ռուսաստանի Կալինինգրադի մարզում «Իսկանդեր» հրթիռների տեղակայման որոշումը նահանջ է եվրոպական անվտանգության համար», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ երեկ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը:

Վերջինս չի ընդունել Լեհաստանում և Բալթյան պետություններում ՆԱՏՕ-ի 4 հազարանոց զորք տեղակայելու մասին Ռուսաստանի քննադատությունը:

«Առաջինը Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ պետությունները չեն մուտք գործել Բալթյան տարածք», - ասել է նա:

Ի դեպ, այսօր Մոսկվայում նախատեսվում է Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ավելի վաղ, հիշեցնենք, հրթիռների տեղակայման առնչությամբ մտահոգություն էր հայտնել նաև Միացյալ Նահանգները, քանի որ դրանց մարտագլխիկները կարող են փոխարինվել միջուկայինով: Պաշտոնական Վաշինգտոնը հորդորել էր Մոսկվային չապակայունացնել տարածաշրջանը: